Ո՞ր դեպքում չի կարող մերժվել իրավունքի պետական գրանցումը. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

ԱՆ

Արդարադատության նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցման համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի է ճանաչվել: Իսկ ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել, եթե դիմողը հիմնավորում է իրենից անկախ պատճառներով, այսինքն՝ մեղքի բացակայությամբ, ժամկետը բաց թողնելու հանգամանքը և հստակ թվարկվում են այն հիմքերը (անհաղթահարելի ուժ, հիվանդություն, ռազմական գործողություններին կամ մարտական առաջադրանքների կատարմանը ներգրավված լինելը և այլն), որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը գրանցման համար դիմելու ժամկետի բացթողումը հարգելի է համարում:

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվել է, որ անձը իրավունքի պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել Կադաստրի կոմիտե ինչպես անձամբ, այնպես էլ նոտարի միջոցով, իսկ վերջինիս համար էլ նման պահանջի դեպքում պարտականություն է առաջանում կատարել համապատասխան նոտարական գործողությունը:

Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ պետական գրանցման ներկայացնելու նոտարական գործողության համար անձինք ազատվում են պետական տուրքից՝ հաշվի առնելով այն, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքների նոտարական վավերացման համար արդեն իսկ գանձվում է պետական տուրք (այսինքն՝ պետական գրանցման ուղարկելու նոտարական գործողության համար վճարվելու է միայն սահմանված վճարը, բայց ոչ պետական տուրք):

Հիշեցնենք, որ օրենդրական փոփոխություններն իրականացվել են Սահմանադրական դատարանի 2019 թվականի ՍԴՈ-1448 որոշման հիման վրա, ըստ որի՝ Սահմանադրությանը հակասող էին ճանաչվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի այն դրույթները, որոնց համաձայն նոտարական կարգով կնքված գործարքները պետական գրանցման ներկայացնելու համար սահմանված 30-օրյա ժամկետը բաց թողնելը հանգեցնում է գործարքի անվավերություն և այդ հիմքով պետական գրանցման մերժման, այն հիմնավորմամբ, որ օրենքը չի նախատեսում անձի մեղավորության բացակայության դեպքում ժամկետը բաց թողնելը վերականգնելու հնարավորություն՝ դրանով իսկ խոչընդոտելով անձի՝ սեփականության նկատմամբ իրավաչափ սպասելիքների, սեփականության նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացմանը:

--00—ՄՀ