Ջո Բայդենը պաշտոնապես ԱՄՆ նախագահի թեկնածու է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Բայդեն

Արտակարգ ժամանակների համար աննախադեպ իրադարձություն ՝ սոցիալական լրատվամիջոցների հավաքույթ և հեռուստատեսային գալա, որը վարում էր հոլիվուդյան աստղ Էվա Լոնգորիա Բաստոնը: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը եկող մի քանի օրերի ընթացքում պիտի հաստատի երկրի նախագահական ընտրություններում իր թեկնածուին: Իսկ այդ թեկնածուն Ջո Բայդընն է: Թեմային անդրադարձել է «Ամերիկայի ձայնը»:

Հեռատեսիլային եղանակով անցկացված միջոցառման առաջին օրն իհարկե խոսք գնաց երկիրը մասնատող ռասայական լարվածության մասին: Ինչպես մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքագլուխ Մուրիել Բաուսերն ասաց,

«Ահա այստեղ էր, որ մի քանի շաբաթ առաջ Ջորջ Ֆլոյդի մահից հետո ամերիկացիները հավաքվեցին ու դիմակները դեմքին սկսեցին բողոք` ընդդեմ ոստիկանության արարքի»:

Հեռատեսիլ համագումարը փորձում էր պահպանել իր բոլոր խորհրդանիշները, սակայն հանդիսատեսը հեռու էր, իսկ ելույթների մեծ մասը` նախապես տեսագրված: Իր տեսագրության մեջ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման ասում էր, որ ինքը լավ գիտի Ջո Բայդընին, որ Բայդընը խորապես պարկեշտ մարդ է, ու իր գործերում առաջնորդվում է հավատքով:

«Նա հիանալի փոխնախագահ է եղել: Նա գիտի, որ ամենակարևոր խնդիրներից մեկը տնտենսությունը փրկելն է, համաճարակը հաղթահարելը ու երկիրն առաջնորդելը», հայտարարում էր Միշել Օբաման:

Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթելու համար դեմոկրատների համար շատ կարեւոր է ներկուսակցական միասնությունը ցույց տալու հանգամանքը, ինչն արվում է կուսակցության նախկին հավակնորդ, սենատոր Բերնի Սանդերսի մասնակցությամբ: Վերջինս խոսում է «անցած հարյուր տարիների ընթացքում առողջապահական ամենածանր ճգնաժամի, տնտեսության փլուզման, ռասիստական պարբերական դրսեւորումների ու կլիմայական խնդիրների մասին»:

«Բացի այն, որ ներկա նախագահը չունի այս խնդիրները լուծելու կարողություն, նա մեզ տանում է ավտորիտարիզմի ճանապարհով», ասում էր Սանդերսը:

Դեմոկրատների համագումարի ժամանակ կարեւոր էր նաեւ չափավոր հանրապետականների ու անկախ գործիչների աջակցությունը: Նրանցից Օհայո նահանգի նախկին կառավարիչ Ջոն Քեյսիքն ասում է, որ ինքն ամբողջ իր կյանքում եղել է հանրապետական:

«Սակայն դա հայրենիքի նկատմամբ իմ պատասխանատվությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը: Այդ պատճառով է, որ այսօր մասնակցում եմ ա՛յս համագումարին»,- ասել է Քեյսիքը:

Իսկ ահա հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը քննադատում է դեմոկրատներին իրենց նախապես տեսագրված ուղերձների համար:

«Հաջորդ հինգշաբթի օրը մենք հանդես ենք գալու իրական ելույթներով եւ մեր ասելիքն ասելու ենք ուղիղ կապով»,- ասել է Թրամփը Սպիտակ տնից, ինչը նրա քննադատները համարում են նախագահական պատմական նստավայրը քաղաքականացնելու քայլ:

Թրամփը պնդում է, որ ինքը չի ոտնահարում 1939 թվականին ընդունված Հեթչի ակտը, «քանի որ այն, եթե արգելում է գործադիր մարմնի պաշտոնատար անձանց զբաղվել քաղաքականությամբ, ապա նախագահին ու փոխնախագահին դա անել թույլ տալիս է»:

Երկու համագումարներն ունեն ոչ միայն իրենց թեկնածուներին հաստատելու, այլ նաև ընտրողների վրա ներգործություն թողնելու նպատակ ու կարողություն:

--00--ԱԹ