Այս պայթյունը վերջին ակորդն էր. լիբանանահայ Սարինե Միհրանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Սարինե

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը ներկայացրել է լիբանանահայ Սարինե Միհրանյանի պատմությունը:

«Ես տանն էի, իսկ մայրիկը՝ Ժըմեյզեում: Երբ լսեցի պայթյունը, պատերազմի տարիներից հիշեցի՝ առաջին բանը, որ պետք է անել, պատուհանը բացելն է: Անմիջապես բացեցի այն և վազեցի լոգարան, որովհետև նախկինում ասում էին՝ լողասենյակներն ամենաապահով վայրերն են: Տեսա հայրիկին, նրա դեմքը վնասված էր, և մենք չէինք կարողանում մորս գտնել: Վերջիվերջո մայրիկը զանգահարեց, բայց մենք չգտանք նրան, նա ճանապարհի կեսն անցավ վնասված գլխով: 10 կար դրեցին վնասվածքի վրա: Ահավոր էր, չեմ կարողանում հավատալ, որ մայրիկը դուրս եկավ այդտեղից: Ամենավատն այն էր, որ չգիտեինք՝ հարձակվե՞լ էին մեզ վրա, էլի պայթյուններ լինելու՞ էին: Մենք խուճապից չգիտեինք ուր թաքնվել:

Ես հիասքանչ աշխատանք ունեի: Այն փակվեց հունիսի մեկին, բայց դեռ հույս ունեի, որ սա ընդամենը մի փուլ էր, որ ի վերջո ամեն ինչ իր տեղը կընկներ, բայց այս պայթյունը, դուք էլ եք հասկանում, վերջակետ դրեց: Առաջ ես տարածաշրջանային տեխնոլոգիական կոնֆերանսներ էի կազմակերպում ֆինանսների և թվային բանկինգի վերաբերալ, իսկ հիմա ողջ ընկերությունը փակ է:

Տխրեցնողն այն է, որ մեր հույսն այլ երկրների օգնության վրա է: Մենք այնքան անտեսված ենք, որ երբ մեկը մեզ հաց է ուղարկում, զգում ենք, թե ինչ մեծ նշանակություն ունի դա: Ուզում ես ուղղակի գնալ ու գրկել նրանց: Հույս կա, որ մեկը հոգ է տանում մեր մասին: Սա ամենատխուր պահն է: Նրանք հիվանդանոցներ բացեցին, մեզ ստիպեցին ապահովության զգացում ունենալ:

Գիտե՞ք՝ նաև ինչն է խնդիրը: Մենք պատերազմի սերունդ ենք, մենք դուրս եկանք պատերազմից ու փորձեցինք աշխարհը դարձնել ավելի լավը, մենք մնացինք երկրում, որ շենացնենք այն՝ տանելով այն հետտրավմատիկ սթրեսը, որ մեզ ուղեկցում էր մանկուց: Երբեմն մտածում եմ՝ հիմարություն էր իմ 20 տարիներն այս երկրում անցկացնելը՝ հուսալով, որ այն կփոխվի: Ի՞նչ էի ես մտածում:

Այլ երկիր գնալը և առաջվա պես «ուրիշ» համարվելն այդքան էլ վիրավորական չէ, քանի որ այդ վայրի համար դեռ ոչինչ չես արել: Այստեղ մենք գոյատևման ռեժիմի մեջ ենք, աճելու տեղ էլ չկա: Շնորհակալ եղեք, որ տուն ունեք, սնունդ և առողջ եք: Այս պայթյունը վերջին ակորդն էր»:

--00--ԱԹ