«Իմ քայլում» վերջնական որոշում չի եղել՝ կողմ կքվեարկե՞ն Վահրամ Ավետիսյանին, թե՞՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

գև

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ խմբակցությունում վերջնական որոշում չի եղել՝ կողմ կքվեարկե՞ն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը, թե՞՝ ոչ։

«ՍԴ դատավոր կընտրվի՞ անձը, թե՞՝ ոչ, պետք է որոշվի փակ, գաղտնի քվեարկությամբ, այնպես որ իր տպավորությունը, թե ԱԺ-ում 80 ձայն ստանալն անիրատեսական է, չափազանց անհատական է։ Սա պարոն Ավետիսյանի ընտրությունն է, և ես նրան հաջողություն եմ մաղթում իր հետագա մասնագիտական գործունեության մեջ»,-այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Խոսելով դատավորի թեկնածուի հայտարարության մասին՝ Գևորգ Պապոյանը նշեց, որ գուցե նման ձևակերպումների առիթը պատգամավորների սուր հարցերն են եղել։

«Այդպիսի սուր հարցադրումներ մենք տվել ենք բոլոր թեկնածուներին, ոչ միայն ՍԴ դատավորների թեկնածուներին, այլև ՏՄՊՊՀ անդամնի թեկնածուներին։ Այսինքն՝ թեկնածուների հետ հանդիպման ժամանակ բոլոր հարցերը տալիս ենք տարբեր ձևակերպումներով»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Հիշեցնենք, որ Վահրամ Ավետիսյանը «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում է ներկայացրել՝ նշելով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից իր համար ակնհայտ է դարձել, որ պատգամավորների մի մասի՝ ՍԴ-ի դերակատարության, ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումները համահունչ չեն իր մոտեցումներին և պատկերացումներին, իսկ որոշ դեպքերում էլ իր համար անընդունելի են։

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ