«Հայրենիք» զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Քաշաթաղի շրջանում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

Վանեցյան

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի Արցախի Հանրապետություն այցի շրջանակներում առաջին կանգառը Թաշաթաղի շրջանում էր։ Արթուր Վանեցյանը հանդիպեց այն դպրոցականներին, որոնց ամիսներ առաջ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սմարթֆոններ ու համակարգիչներ էր նվիրել։ Այս աշակերտները սոցիալական ծանր պայմանների պատճառով դուրս էին մնացել համավարակի հետևանքով հեռավար ուսուցման անցած դպրոցական ծրագրերից։

Նոր հեռախոսներով ու համակարգիչներով առաջին հեռավար դասը դեռևս ապրիլին անցկացրել էր «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Արթուր Վանեցյանը երեխաների հետ վիրտուալ հանդիպման ընթացքում ընդգծել էր, որ առանց հայրենասիրության, սերունդների որակյալ կրթության, ազգային դաստիարակության, ընտանեկան արժեքների ու օրենքների պահպանման, հնարավոր չէ ունենալ ուժեղ պետություն։

«Այն տարածքը, որտեղ դուք հիմա բնակվում եք, Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կենսական ու ռազմավարական նշանակություն։ Այն մեր երկու պետությունների անվտանգության ողնաշարն է, որը մենք ձեզ հետ միասին ամուր ու անսասան պետք է պահենք»,-ասել էր Արթուր Վանեցյանը՝ երեխաներին խոստանալով Արցախ այցելելիս հանդիպել նաև իր կրտսեր ընկերների հետ։

Ազատ ու անկաշկանդ շփման ընթացքում քաշաթաղցի դպրոցականները բազմաթիվ հարցեր ուղղեցին Արթուր Վանեցյանին, ով իր հերթին հետաքրքրվեց՝ ինչպես են երեխաներն ավարտել ուսումնական տարին, ինչ են սովորել ու ինչ են իրենց հետ տանելու դպրոցից։ Հանդիպման ավարտին քաշաթաղցի դպրոցականները հիմնադրամից անակնկալ նվերներ ստացան։

--00--ԱԹ