Աշխարհի չեմպիոն Միխայիլ Ալոյանը ՌԴ-ում պատգամավորի թեկնածություն է առաջադրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

Ալոյան

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը հայտարարել է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի քաղաքային խորհրդի պատգամավորների ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

«Հարգելի ընկերներ, ես արդեն 22 տարի է՝ զբաղվում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով, 2005 թվականից հանդես եմ գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, սկզբում երիտասարդական, այնուհետև մեծահասակների: Ջանք չեմ խնայել իմ երկրի պատիվը միջազգային ասպարեզներում բարձր պահելու համար: Միշտ հպարտ եմ եղել, երբ հնչել է իմ երկրի հիմնը և բարձրացվել է դրոշը:

Ցանկանում եմ հետագայում ևս օգտակար լինել իմ քաղաքին և երկրին: Հուլիսի 25-ին ես գրանցվել եմ որպես Նովոսիբիրսկ քաղաքի քաղաքային խորհրդի պատգամավորի թեկնածու: Այս քաղաքում ընտանիքիս հետ ապրում եմ ավելի քան 15 տարի, իմ թիմի հետ այցելել եմ գրեթե բոլոր բնակարանները, հավաքել եմ աջակցության ստորագրություններ և անձամբ ծանոթացել եմ բնակիչների հետ:

Ընկերներ, եկեք միավորվենք և դարձնենք մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը: Հավատացեք, դա հնարավոր է, գլխավորը ազնիվ հարաբերություններն են։

Մեր հետագա ծրագրերի և աշխատանքների մասին կտեղեկացնեմ հետագայում»,- գրել է Ալոյանը Ֆեյսբուքյան իր էջում:

--00—ՄՀ