Այս զորավարժություններն առնչություն ունեն Թուրքիայի աճող հավակնությունների հետ. «Հենակետ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News  

զինվոր

«Հենակետ» կենտրոնը «Անվտանգություն․ Համառոտ տեղեկություններ անցնող շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների մասին» խորագրով վերլուծություն է հրապարակել, որում նշված է.

«Նախորդ շաբաթվա սկզբնամասում սոցցանցերում ակտիվ քննարկվում էր Ապրիլյան պատերազմի թեման, որը պայմանավորված էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տեսաուղերձների ձևով այդ հարցի անդրադարձից:

Թեմայի շրջանակներում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահը, նաև բազմաթիվ այլ գործիչներ հանդես եկան տարաբնույթ մեկնաբանություններով։

Փորձագետների կարծիքով, Ապրիլյան պատերազմը քաղաքական շահարկումների դաշտից պետք է հեռացնել, կարճաժամկետ կտրվածքով նեղ իշխանական խնդիրներ լուծելով՝ հետագայում այս հարցը պետության համար կարող է մեծ սպառնալիք դառնալ:

Շաբաթվա ընթացքում որոշակի ակտիվությամբ քննարկվել է Ադրբեջանում անցկացվող թուրք ադրբեջանական զորավարժությունների թեման։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ օգոստոսի 10-ին պետք է ավարտվեր թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք սկսվել էին հուլիսի 29-ից:

Սակայն օգոստոսի 12-ին ադրբեջանական մեդիատիրույթի մշտադիտարկումից պարզ է դառնում, որ Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները փաստացի երկարաձգվել են։ Նույն օրը Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, զորամիավորումների հրամանատարները,կենտրոնական ապարատի մեծ թվով ներկայացուցիչները:

Որպես այցի նպատակ նշվում էր թուրք-ադրբեջանական զորավարժությունների եզրափակիչ փուլը դիտարկելը, սակայն ակնհայտ է, որ այդ այցը միայն դիտարկումներով ու ձևական հանդիպումներով չէր սահմանափակվում։

Ըստ փորձագետների՝ հաճախ չի հանդիպում, երբ զորավարժությունների ժամկետներ են պաշտոնապես հայտարարվում, բայց ինչ ինչ պատճառներով, դրանք սահմանված պլանից դուրս են գալիս։ Իսկ դա տարածաշրջանում նոր հնարավոր լարվածությունների պատճառ կարող է հանդիսանալ:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կայացած թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններին մասնակցել են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը։

Ըստ առկա տեղեկությունների, զորավարժություններին ներգրավված է եղել մոտ 11.000 զինծառայող։ Ադրբեջանից զորավարժություններին մասնակցել են պաշտպանության նախարարության, Պետական սահմանապահ ծառայության, Ներքին գործերի նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ։

Համատեղ վարժանքներին մասնակցել են նաև երկու երկրների հատուկ նշանակության ուժերը։ Նշենք, որ զորավարժություններին Թուրքիայի զինված ուժերի կողմից ներգրավվել են Sikorsky UH-70 և ATAK/AH-1W ուղղաթիռներ և հետևակային ստորաբաժանումներ։

Թուրքիայից տեղափոխված հետևակի մարտական մեքենաները մասնակցել են միայն Նախիջևանի զորավարժարաններում կազմակերպված վարժանքներին։

Ըստ փորձագետների, չնայած թուրք-ադրբեջանական տանդեմը բավականին մտահոգիչ ուղերձներով է հանդես գալիս, այնուհանդերձ երկուշաբաթյա զորավարժությունների քարոզչական ու քաղաքական մասշտաբներըը իրականում գերազանցում էին ոչ այդքան տպավորիչ ռազմական բաղադրիչին։

Այս զորավարժությունների կարևոր առանձնահատկություններից էր այն, որ 2 շաբաթից ավել տևած զորավարժությունից բավականին քիչ կադրեր են հրապարակվել, ինչը երկու բան կարող էր նշանակել։ Կամ նպատակահարմար չեն համարել ամբողջական զինտեխնիկան ու սպառազինությունը հրապարակել, ինչպես նաև՝ մարտավարական սխեմաները կամ զորավարժությունը այլ մասշտաբով է կայացել, սակայն լրիվ այլ մասշտաբով ներկայացվել։

Ուշագրավ է, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններից անմիջապես հետո ՀԱՊԿ-ն հայտարարեց զորավարժություն անցկացնելու մասին:

Օգոստոսի 17-20-ը ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, համատեղ հատուկ զորավարժություններ պետք է կանցկացնեն Աստրախանի մարզի «Կապուստին Յար»՝ զորավարժարանում՝ «Էշելոն-2020»։

Ըստ զորավարժությունների սցենարի, զինվորականները պետք է կարողանան մշակել Կովկասյան տարածաշրջանում սահմանային կոնֆլիկտի տեղայնացման համատեղ գործողության նյութատեխնիկական ապահովման հարցերը:

Ըստ մասնագետների՝ այս զորավարժություններն ուղիղ առնչություն ունեն Թուրքիայի՝ Հարավային Կովկասում աճող հավակնությունների հետ։

Շաբաթվա ընթացքում, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների, Ադրբեջանը ձեռք է բերել Անդրկովկասյան խոշոր և ազդեցիկ ինտերնետ պրովայդեր Caucasus Online ընկերության բաժնեմասի 49 տոկոսը, որը նաև Հայաստանն է սնուցում ինտերնետ կապով:

Փորձագետները դա վտանգավոր և մտահոգիչ գործարք են համարել՝ հատկապես կիբերանվտանգության և տեղեկատվական անվտանգության տեսանկյունից։

Շաբաթվա ընթացքում Հայաստանի և Արցախի զինված ուժերում նույնպես ակտիվ ուսումնական վարժանքների և պարապմունքների ժամանակահատված էր:

Օգոստոսի 10-ին, ՊՆ 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումները անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ։ Նույն օրը անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ:

Օգոստոսի 11-ին ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ու ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն այցելել են Արցախի արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ: Բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմանների ու կենցաղի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:

Օգոստոսի 11-ից 12-ը 1-ին զորամիավորման զենիթահրթիռային ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել են հավաք-պարապմունքներ, 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական ցուցադրական պարապմունքներ, իսկ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են դաշտային ելքով ուսումնական վարժանքներ։

Օգոստոսի 12-ից 13-ը 5-րդ զորամիավորման տարբեր ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով և մարտական կրակով, իսկ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

Օգոստոսի 13-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան։

Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։

Հավելենք, որ օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց: Այսինքն՝ օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածի համեմատ, կրակոցների թիվը կրկնապատկվել է։

Ըստ էության, նախորդ շաբաթ անվտանգային ու ռազմական ոլորտին առնչվող թեմաների վերաբերյալ լուսաբանումը համեմատաբար պասիվ է եղել, ինչը որոշակի առումով պայմանավորված է եղել Բեյրութում տեղի ունեցած ողբերգական դեպքերով, ինչպես նաև Բելառուսում ընթացող իրադարձություններով։

Անվտանգային թեմաները հիմնականում քննարկվել ե նեղ փորձագիտական շրջանակներում է և դրանց սահմանափակ թվով ԶԼՄ-ներ են անդրադարձել»:

--00--ԱԹ