Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ բարձրաստիճան հրամկազմը հետևել է զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Ադրբեջան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժություններին:

«Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմը, Ադրբեջանի զորավարժարաններից, մեկում երեկ հետևել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագին։

Թուրքիայի զինված ուժերից ներգրավվել են Sikorsky UH-70 և ATAK/AH-1W ուղղաթիռներ և հետևակային ստորաբաժանումներ։ Նշեմ, որ Թուրքիայից տեղափոխված հետևակի մարտական մեքենաները մասնակցել են միայն Նախիջևանի զորավարժարաններում կազմակերպված վարժանքներին։

Առաջին փուլի եզրափակիչ մասում հիմնականում կիրառվել են Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա Տ-90 տանկեր (5 միավոր), ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ (11 միավոր), տարբեր մարտական մոդուլներով SandCat զրահամեքենաներ (19 միավոր), RAK-12 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, տարբեր հրետանային միջոցներ և ականանետներ, իսկ ավիացիոն միջոցներից` Սու-25 գրոհիչներ, Մի-17 և Մի-35 ուղղաթիռներ։

Մի-35 ուղղաթիռներն ամենայն հավանականությամբ պատկանում են պետական սահմանապահ ծառայությանը, քանի որ կադրերում երևացող «20122» կողային համարով բորտը պատկանում է հենց ՊՍԾ-ին։

Մասնակցել են նաև Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի (Յաշմայի 052-րդ բրիգադի) զինծառայողները։

Ուշագրավ է, որ այս անգամ ևս անօդաչու թռչող սարքեր չեն կիրառվել, համենայնդեպս Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրություններում դրանց մասին տեղեկություն չկա։

Չի բացառվում նաև, որ զորավարժության այս փուլում այլ զինատեսակներ էլ կիրառված լինեն, այդ թվում՝ թուրքական արտադրության, որոնք տարբեր նկատառումներով չեն ցուցադրվել։

Չեն ցուցադրվել նաև իսրայելական SandCat զրահամեքենաների գործողությունները, չնայած տարբեր նշանակության առնվազն 19 միավոր ֆիքսվել են զինծառայողների խրախուսման արարողության ժամանակ արված լուսանկարներում։

Զինտեխնիկայի քանակի մասին տեղեկությունները նույնպես ձեռք են բերվել այդ լուսանկարներից»,- նշում է վերլուծական կենտրոնը։

--00--ԱԹ