Արդյո՞ք Բելառուսը կգնա Ուկրաինայի ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News  

Բելառուս

Աշխարհում աճում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անհանգստությունը: Այստեղ բռնությունների են ենթարկվում նրանք, ովքեր բողոքում են Լուկաշենկոյին նորից հաղթանակած ճանաչելու ընտրական հանձնաժողովի որոշման դեմ: Իրավականացվում են զանգվածային ձերբակալություններ: Ուժայինների նշանառության տակ են գտնվում նաեւ լրագրողները` ոչ միայն բելառուս, այլ նաեւ` արտասահմանցի: Նրանց այստեղ ձերբակալում են, ոմանց` արտաքսում երկրից: Իսկ Լուկաշենկոն հայտարարում է, որ այս «անկարգությունները կազմակերպվում ու հրահրվում են» արտասահմանից: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն եվրոպական այցի ընթացքում հայտարարել է, թե իրենք քննարկում են Մինսկի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու հարցը:

Այն մտավախությամբ, որ Բելառուսը կարող է հանկարծ գնալ Ուկրաինայի ճանապարհով, Մոսկվան սկսել է մտածել Լուկաշենկոյի հետ հարաբերությունները բարելավելու մասին: Եվ Ռուսաստանի նախագահն առաջիններից էր, որոնք շնորհավորեցին Լուկաշենկոյին: Չնայած շատերի այն կարծիքին, որ Լուկաշենկոն ու Պուտինը հազիվ են հանդուրժում մեկը մյուսին, նրանք լավ էլ տեսնում են իրենց վարչակարգերի միջեւ առկա նմանությունները: Նրանք Եվրոպայի երկու վերջին բռնակալներն են: Ավելին` Լուկաշենկոն Պուտինից դեռ վեց տարի էլ երկար է պաշտոնավարել: Եվ Մոսկվան չի կարծում, որ եթե չլինի Լուկաշենկոն, ապա նրա փոխարեն Բելառուսի որեւէ նախագահ ավելի բարի դրացիական կլինի իր հետ: Իսկ եթե պատահի, որ Լուկաշենկոն հիմա տապալվի, ապա այս երկիրը կարող է գնալ այն ուղով, որով ժամանակին գնաց Ուկրաինան: Այդ պատճառով, ասում են փորձագետները, Մոսկվան խփում է ե՛ւ մեխին, ե՛ւ նալին: Այսինքն, Պուտինը շտապում է շնորհավորել Լուկաշենկոյին, սակայն ռուսական մամուլին թույլ տալիս Բելառուսում իրադարձությունները մեկնաբանել առանց ծանր գրաքննության:

Եթե Լուկաշենկոն ժամանակին վայելում էր բնակչության 60 տոկոսի աջակցությունը, ապա վերջին ամիսներին աջակցությունն իջել էր 40 տոկոսի: Ըստ վերլուծաբանների, հիմա նրա վարկանիշը տատանվում է միանիշ թվերի միջեւ: Եվ հենց այդ թուլությունն օգտագործելով էլ` Պուտինը կփորձի մեծացնել ճնշումը Լուկաշենկոյի վրա, որպեսզի նա համաձայնվի Ռուսաստանի հետ կնքել «խորն ինտեգրացման» մասին պայմանագիրը, ինչը Լուկաշենկոն հրաժարվում էր մինչ այժմ անել: Ահա ոչ լեգիտիմ նախագահ ունենալու վտանգը որեւէ երկրի համար:

Այսօր կանայք են սկսել մի շարժում Բելառուսում: Կազմելով մարդկային շղթա, նրանք դատապարտում են ցուցարարների դեմ իրականացվող բռնությունները: Հիմնականում սպիտակ գույնի զգեստներ հագած կանայք, ծաղիկներն իրենց ձեռքերին, կոչ են անում ոստիկաններին դադարեցնել բռնությունները:

Իր դեմ 1994 թվականից ի վեր նման բողոքի ալիք չտեսած Լուկաշենկոն, շատերի կարծիքով, հայտնվել է խառնաշփոթ իրավիճակում, ինչը կարող է դրդել ծայրահեղ ծանր քայլերի, երբ ծանր վիրավորների թիվը մի քանի հարյուր է, երբ զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է երկուսի: Մեկը զոհվել է բախումների ժամանակ, 25-ամյա մի երիտասարդ` 10 օր կալանատանը պահվելուց հետո, երբ տառապում էր սրտային հիվանդությամբ: Միայն չորեքշաբթի օրն այստեղ 700 ցուցարար է ձերբակալվել, ընդհանուր ձերբակալվածների թիվը հասցնելով 6700-ի:

Պետական որոշ գործարաններում սկսվել են գործադուլներ: Մշակույթի մի շարք գործիչներ իշխանություններին մեղադրում են սեփական ժողովրդի դեմ պատերազմ հայտարարելու մեջ ու հորդորում Լուկաշենկոյին ներկայացնել հրաժարական:

--00—ՄՀ