ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին արգելվել է օգտվել հայկական ավիաընկերություններից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

ինքնաթիռ

Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվել է օգտվել հայկական ավիափոխադրողների ծառայություններից: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության կայքում տեղ գտած հայտարարությունից, որում ասված է.

«2020 թվականի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) Հայաստանի բոլոր ավիափոխադրողներին ներառել է ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակի մեջ` պայմանավորված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության հետ կապված մտահոգություններով: Այս որոշումը, որ ուժի մեջ կլինի առնվազն մինչև 2022 թվականը, փաստացի բոլոր հայկական ավիափոխադրողներին արգելում է թռչել ԵՄ երկրներ:

Հաշվի առնելով այս գնահատականը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից՝ պաշտոնական ուղևորություններ կատարելիս: Այս ցանկում են նաև հետևյալ սուբյեկտները՝ Aircompany Armenia, Armenia Airways, հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»:

--00--ԱԹ