Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

հասարակական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը:

Նա հայտեց, որ մեղադրանքի, կասկածի, քաղաքական հետապնդման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները ստանալու համար են Վճռաբեկ դարան դիմել։

«Վերաքննիչ դատարանը գործը չպետք է հետ ուղարկեր առաջին ատյանի դատարան։ Վերաքննիչ դատարանն ինքը պետք է որոշում կայացներ ու կամ բավարարեր մեր միջնորդությունը, կամ էլ դատախազության միջնորդությունը բավարարեր»,-ասաց պաշտպանը։

Հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ իր նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում ՝կառավարության հրաժարականը պահանջելու համար:

--0--ԿԿ