Զորավարժություններին մասնակցելու նպատակով Թուրքիայից Ադրբեջան զինտեխնիկա է բերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ն ներկայացրել է ամփոփ տեղեկությունններ Ադրբեջանում կայացած զորավարժությունների մասին.

«Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններ են անցկացվել, որին մասնակցել են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը։

Ցամաքային մասը օգոստոսի 1-5-ն անցկացվել է Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմաօդային վարժանքները՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, Բաքվի, Նախիջևանի, Քյուրդամիրի, Գյանջայի և Եվլախի օդանավակայաններում։ Անձնակազմի և զինտեխնիկայի քանակի մասով ոչինչ չի հայտարարվել։

Սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ներգրավված է եղել մոտ 11.000 զինծառայող։ Ադրբեջանից զորավարժություններին մասնակցել են պաշտպանության նախարարության, Պետական սահմանապահ ծառայության, Ներքին գործերի նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ։

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրապարակած կադրերում տեսանելի չեն, բայց ենթադրվում է, որ մասնակցել են նաև Ազգային անվտանգության նախարարության և ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կադրերից հայտնի է, որ զորավարժություններին մասնակցելու նպատակով Թուրքիայից Ադրբեջան որոշակի քանակությամբ զինտեխնիկա (հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ և այլն ) և ավիացիոն միջոցներ է տեղափոխվել։ Կադրերում առնվազն 5 միավոր F-16 տեսակի կործանիչներ, 2-ական միավոր Sikorsky UH-70 և ATAK/AH-1W ուղղաթիռներ են ֆիքսվել։

Ադրբեջանի զինուժը հիմնականում կիրառել է Տ-90 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-17 և Մի-35 ուղղաթիռներ։

Չնայած հայտարարվել էր, որ զորավարժություններին կկիրառվեն նաև ՀՕՊ և հրթիռահրետանանին համակարգեր: ՊՆ տարածված կադրերում նման համակարգեր չեն ֆիքսվել։

Հետաքրքրական է, որ հրապարակված տեսանյութերում չեն նկատվել նաև անօդաչու թռչող սարքեր։

Համատեղ վարժանքներին մասնակցել են նաև երկու երկրների հատուկ նշանակության ուժերը»:

--00--ԱԹ