Հուլիսին մտահոգ չէինք, որ զինվորի զենքը հին է, լավ չի սնվում և ոգով է դիմակայում թշնամուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

Երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով երկրում կատարվող իրադարձություններին ու ներքաղաքական կյանքին, ընդգծեց՝ կարևորը մեր բանակն է:

«Հուլիս ամսին մտավախություն չունեինք, չէինք անհանգստանում, որ սահմանը պաշտպանող մեր տղաների, պատերազմի մեջ ներքաշված մեր զինվորների զենքերը հին են կամ  տղաները լավ չեն սնվում, և միայն ոգու հզորությամբ են դիմակայում թշնամուն: Իսկ 2016 թվականի ապրիլին միայն իմ ընտանիքը շուրջ հազար քնապարկ է հայթայթել և ուղարկել Ղարաբաղ: Անձամբ ես երբևէ սպասելիք չունեմ վերևներից ո'չ վատ իմաստով, ո'չ էլ լավ, ես իմ գործն եմ անում և էլի կանեմ: Թող պետությունը բանակը, ոստիկանությունը, ԱԻՆ-ը պահի, մենք` արվեստագետներս, թատրոնի մարդիկ, մեր հարցերը կլուծենք: Ամեն ինչ լավ կլինի, եթե դես ու դեն, ափռ-ցփռ խոսացողները պակասեն, մեր երկիրը դրանից միայն կշահի: Նախորդները միշտ էլ կձգտեն գալ իշխանության, բայց էդ ձևով, կեղծ ու ծիծաղելի, իրականությունը չհամապատասխանող բաներ տարածելով, ուղղակի ամոթ է»:  

Մանարյանը անդրադարձավ նաև կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխություններին ու նոր չափորոշիչներին, նշեց, որ պետք է հաշվի առնել` փոփոխություների ժամանակ է:

«Եկեղեցու պատմությունը ընդհանուր պատմությունից հանելը միակ ճիշտ որոշումն եմ համարում: Եկեղեցին պետությունից անջատ կառույց է, և թող Ճեմարանում դասավանդի եկեղեցու պատմությունը կամ այդ նպատակով դպրոցներ բացի: Եթե եկեղեցին 30 տարում կարողացել է 2,5 միլիարդ դոլար հավաքել ամբողջ աշխարհում եկեղեցաշինության համար, ուրեմն կարող է նաև իր դասագրքերը տպագրել, դպրոցներ բացել` առարկան դասավանդելու նպատակով: Լավ է, որ Կորյունն ու Եղիշեն դուրս են եկել գրականության ցանկից, իսկ մյուսների մասին չեմ կարող ասել»:

--0--ԿԿ