ԵՄ-ն կաջակցի Գյումրու՝ կարկուտից ու ջրհեղեղից տուժած բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News 

․

2020 թվականի հուլիսին տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղեղի հետևանքով Հայաստա-նի Գյումրի քաղաքի բնակելի տներին և ենթակառուցվածքներին լուրջ վնաս է հասցվել: Այդ կապակցությամբ Եվրոպական միությունն արձագանքելով տրամադրում է €80,000 եվրո մարդասիրական օգնություն՝ աջակցելու առավել տուժած բնակիչներին: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:

Եվրոպական միությունն այս ֆինանսավորման միջոցով աջակցում է Կարմիր խաչին՝ ա-պահովել անհրաժեշտ հումանիտար օգնություն, այդ թվում՝  դրամական օժանդակություն,որը կօգնի առավել խոցելի բնակիչներին  բավարարել կենսական և անմիջական կարիքները, այդ թվում՝ տրամադրելով սննդի և հիգիենայի պարագաներ, հագուստի վաուչերներ, ինչպես նաև ներքնակներ, բարձեր, վերմակներ և անկողնային պարագաներ:

Մարդասիրական օգնությունից ուղղակիորեն կօգտվի 2,670 անձ, որոնց անձնական իրերը վնասվել և տներն ավերվել են կարկտահարության և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Ֆինանսական աջակցությունը հատկացվում է Եվրոպական միության կողմից Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին հատկացվող ընդհանուր ներդրման շրջանակներում:

ՀՀ-ում ԵՄ գրասենյակից հիշեցնում են, որ 2020 թվականի հուլիսի 13-ին ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում, որը Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է: Երկրում նախկին  կարկտահարության դեպքերը բազմաթիվ են, այդուհանդերձ այս վերջինն իր ծավալով և  քաղաքային տարածքի վրա ազդեցության տեսանակյունից աննախադեպ է: Աղետից տուժել է 1000 ընտանիք, որոնցից 600-ը (2,670 մարդ) դեռ ապրում են 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո որպես «ժամանակավոր կացարաններ» կառուցված վագոն-տնակներում: Այդ ընտանիքները խիստ խոցելի են և նրանց անհրաժեշտ է տրամադրել անհապաղ մարդասիրական օգնություն:

Ընդհանուր տեղեկություններ

Եվրոպական միությունը և իր անդամ պետությունները մարդասիրական օգնության համաշխարհային առաջատար դոնոր են: Օգնության տրամադրումը եվրոպական համերաշխության դրսևորումն  է՝ ուղղված ամբողջ աշխարհի կարիքավոր մարդկանց: Նրա նպատակն է փրկել կյանքեր, կանխել և մեղմել մարդկային տառապանքներ, ինչպես նաև պահպանել տարերային աղետներից և տեխնածին ճգնաժամերից տուժած բնակչության ամբողջականությունն ու մարդկային արժանապատվությունը:

Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով վարչության միջոցով Եվրոպական միությունն ամեն տարի օգնության ձեռք է մեկնում հակամարտությունների և աղետների միլիոնավոր զոհերի: Մարդասիրական օգնության կարիքների հիման վրա Բրյուսելում տեղակայված Կենտրոնական գրասենյակի և դաշտային գրասենյակների գլոբալ ցանցի միջոցով, Եվրոպական միությունն աջակցում է առավել խոցելի մարդկանց:

Եվրոպական միությունը ստորագրել է 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն պատվիրակելու վերաբերյալ համաձայնագիր Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հետ՝ ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին աջակցելու նպատակով: Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի միջոցները հիմնականում հատկացվում են «փոքրամաշտաբ» աղետներին, որոնք պաշտոնական միջազգային արձագանքման կարիք չեն առաջացնում:

Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամը ստեղծվել է 1985 թվականին և աջակցություն է ստանում  դոնորների ներդրումների միջոցով: Ամեն անգամ՝ Կարմիր խաչի ազգային ընկերությունը կամ Կարմիր մահիկի ընկերությունն աղետներին անհապաղ արձագանքելու ֆինանսական աջակցության կարիք ունենալիս, կարող է միջոցներ հայցել Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամից: Փոքրամաշտաբ  աղետների համար Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան հիմնադրամից դրամաշնորհներ է տրամադրում, որոնք այնուհետև կարող են համալրվել դոնորների կողմից: Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության միջև պատվիրակման վերաբերյալ համաձայնագիրը հնարավորություն է տալիս վերջինիս փոխհատուցել Հիմնադրամի կողմից մարդասիրական օգնության մանդատով նախատեսված համաձայնեցված գործողությունների իրականացմանն ուղղված  մինչև ընդհանուր 3 միլիոն եվրո ծախսերը:

--00--ԱԹ