Կորոնավիրուսի դեմ ոսկե բանալի կարող է և չհայտնաբերվել. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

կորոնավիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացնում է, որ չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներկա պահին ընթացող կլինիկական վերջնական փորձարկումներին, «առայժմ չկա ոսկե բանալի, ու կարող է երբեք էլ այն չհայտնաբերվի»: Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով, չնայած բոլոր ջանքերին, համաճարակի տարածումը կասեցնել դեռեւս չի հաջողվում: Մարդիկ պետք է շարունակեն հարգել սոցիալական հեռավորության կանոնները, պետք է կրեն դիմակներ ու հաճախ լվանան ձեռքերը: «Կատարե՛ք այս պահանջները», հորդորում է ԱՀԿ-ի ղեկավարը: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

Գեբրեյեսուսն ընդունում է, որ առողջապահական նպատակներով ուժի մեջ մտած կանոնները բացասաբար են անդրադարձել տնտեսության ու հասարակության վրա: Նրա խոսքերով, հիմա երկրները կանգնած են համաճարակը վերահսկողության տակ առնելու համար «դժվար ընտրության առջև»:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը հիշեցնում է, որ այն օրից սկսած, երբ երեք ամիս առաջ հրավիրվեց կազմակերպության արտակարգ հանդիպումը, կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հնգապատկվել է, մահացությունների թիվը` եռապատկվել` հասնելով 680 հազարի:

--00—ՄՀ