«Վան» ֆուտբոլային ակումբը նոր մարզիչ կունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը կլինի Սևադա Արզումանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը. մեջբերելով ակումբի փոխնախագահ Կարեն Բարսեղյանի խոսքերը. «Ես՝ որպես ակումբի փոխնախագահ և գլխավոր մարզիչ, հանդիպել եմ ակումբի հովանավորների հետ և որոշում եմ կայացրել, որ այսուհետ ՖԱ Վանի գլխավոր մարզչի պարտականությունները պետք է կատարի Սևադա Արզումանյանը, իսկ ես զբաղեցնեմ ակումբի փոխնախագահի պաշտոնը։Մենք հասկանում ենք, որ առաջին տարին կարևոր և բավականին բարդ է լինելու մեզ համար, և որպեսզի թե՛ մարզչական, թե՛ կազմակերպչական բնագավառը չտուժի, այդպիսի որոշում ենք կայացրել։ Դա իմ անձնական որոշումն է եղել։ Ես վստահ եմ, որ դա ճիշտ որոշում է, քանի որ մենք թիմը վստահել ենք փորձառու և, իմ կարծիքով, լավագույն մասնագետներից մեկին, ում հետ ես ինքս մեծ ճանապարհ եմ անցել և մեծ նվաճումների հասել»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվել է թույլատրել «Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը։  Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները կսկսվեն օգոստոսի 14-ին, իսկ խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում:  

--0--ԿԿ