Բերդում «Թումո» շարժական կենտրոն կկառուցվի․ Կառավարությունը հաստատեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

Կառավարության նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Տավուշի մարզում՝ քաղաք Բերդում, Հ. Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող ՀՀ սեփականություն հանդիսացող 0.03724 հա հողամասը հետ կվերցնեն «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար անհատույց օգտագործման իրավունքով կհանձնեն «Սիմոնյան» կրթական հիմնադրամին:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորեց նախագիծը և նշեց, որ «Թումոն» գործարկել է անցած տարի. «Արդեն նյութականացվում է նախագիծը: Այս նախագծի շրջանակներում շարժական կենտրոնների միջոցով «Թումոն» իրականացնելու է դասընթացների այն հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում: Բացի այդ, մեզ հետ նախնական քննարկումների արդյունքում մենք պայմանավորվել ենք, որ որոշ ժամանակով այդ տարածքները նաև կարող են տրամադրվել ուսուցիչների վերապատրաստրաստումների համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ նախագիծը առավել ևս հիմա է կարևոր, երբ քննարկում են սահմանապահ, սահմանամերձ համայնքների զարգացման մեր ռազմավարությունները:

«Պետք է արձանագրել, որ մեր բոլոր ռազմավարությունների հիմքում կա մի պարտադիր կոմպոնենտ, դա կրթական կոմպոնենտն է: Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած ռազմավարության մեջ, որտեղ չկա կրթական կոմպոնենտ և դա երկարաժամկետ առանցքային նշանակություն չունի, ապա այդ ռազմավարությունների մեջ մենք չենք կարող հաջողել: «Թումոյի» մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է»:

--0--ԿԿ