Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել MTK Global-ի հետ. Նա հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

սպորտ

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ, ինչը հնարավորություն կտա հայ բռնցքամարտիկին հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում, այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

«Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ մեզ միացել է աշխարհի լավագույն սիրողական բռնցքամարտիկներից մեկը՝ Հովհաննես Բաչկովը, որի անունը հայտնի դարձավ 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո: Նա մեդալներ է նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:

MTK-ն միակ մենեջերական ընկերությունն է, որի գործունեությունը կրում է համաշխարհային բնույթ: Մենք համագործակցում ենք աշխարհի տարբեր վայրերում գտնվող մարզիկների հետ»,- նշել է MTK Global ընկերության փոխնախագահ Ջեյմի Կոնլանը:

Իր հերթին 27-ամյա Բաչկովը նշել է, որ արդեն ժամանակն էր դուրս գալ պրոֆեսիոնալ ռինգ:

«Արդեն ժամանակն էր դուրս գալ պրոֆեսիոնալ ռինգ, իսկ MTK Global-ը լավագույն մենեջերական ընկերությունն է, որը բազմաթիվ չեմպիոններ է տվել:

Ես լավ հիշողություններ ունեմ սիրողական բռնցքամարտից, սակայն բռնցքամարտում չեմ հասել այն նպատակներին, որ իմ առաջ դրված են: Որպես պրոֆեսիոնալ մարզիկ՝ ցանկանում եմ դառնալ աշխարհի չեմպիոն և լավագույնը իմ քաշային կարգում:

Ինձ համար հաճելի էր մենամարտել սիրողական բռնցքամարտում, մասնակցել բոլոր մրցաշարերին և հաղթել բոլոր մենամարտերում, սակայն ես ուրախ եմ, որ տեղափոխվում եմ պրոֆեսիոնալ ռինգ»,- ասել է Բաչկովը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Հովհաննես Բաչկովի առաջին մենամարտի անցկացման ժամկետի  մասին MTK Global-ը կտեղեկացնի առաջիկայում:

--0--ԿԿ