Քանի բանը բանից չի անցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

նախարար
«Նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն նորից ապրելու: Գալիքը ներկայում է, բայց նաև անցյալում է, այդ մենք ենք նրան ստեղծում: Եթե այն վատն է, դա մեր մեղքն է»: 

Վազգեն Սարգսյան

 

Եվ այսպես արշավը դեպի ներս սկսված է: 

Եվ եթե մեղմ լինենք կամ զուսպ, ապա ԿԳՄՍՆ ղեկավարությունն իրեն պահում է անորակ դիլետանտի ու մարտնչող տգետի պես, որի՝ ժամանակակից երևալու փորձերը կմնային անլուրջ զավեշտի մակարդակի, եթե խոսքը ռազմավարական նշանակության ոլորտի մասին չլիներ: 

Ու եթե լրջանանք, ապա հիմա դրվում է հայ մարդու ձևափոխման հիմքը: 

Կրթության համակարգը և տաճարը մարդուս ինքնագիտակցականի հիմնասյուներն են, և նրանցից առաջ, ու նրանց նկատմամբ գերիշխողը հոգևորն է: 

Շարժվենք դեպի հետ: 

Խորհրդային միությունում գիտությունն ու կրոնը բերված էին կրոնական պաշտամունքի մակարդակի: Սովետը ամերիկյան գերտերության հետ պայքարի մեջ էր և անհրաժեշտություն ուներ մուսկուլատուրան մշտապես մարզելու: Իհարկե, այս հակամարտության մեջ խորհրդային կայսրությունը պարտվեց. պատճառը կրթության կամ գիտության անորակությունը չէր, բայց դրան մեծապես նպաստեց այն, որ 1980-ներից սկսած մասնագետ-ուղեղների՝ դեպի դուրս հոսք սկսվեց (հատկապես ԱՄՆ, Իսրայել), ինչը արագացրեց կոմունիստական պետության անկման գործընթացը: 

Երբ սկսվեց «Ղարաբաղյան Շարժումը», որը մեր ինքնագիտակցականի զարթոնքն էր ու ազատության պայքարը, և ապա մտանք Ղարաբաղի պատերազմի մեջ (ավելի ճիշտ՝ մեր Ամենայն Հայոց Պատերազմի. ձևակերպումը՝ Վազգեն Սարգսյանի), ինչը տևեց ուղիղ Երկրորդ համաշխարհային պատերզամի չափ, նորանկախ Հայաստանը ընկավ լրջագույն խինդիրներով լեցուն խորխորատի մեջ, որից, ի պատիվ Հայաստանի՝ այդ ժամանակաշրջանի իշխանության, դուրս եկավ պատվով ու հաղթած: Ռեսուրսները առաջին հերթին ուղղվում էին պատերազմին, բանակին, պաշտպանությանն և անվտանգությանը, տնտեսության վերականգնմանը: Այս բարդագույն ֆոնի վրա տուժեց կրթական համակարգը: Ներքին դժվարությունները շարունակական բնույթ ունեին, և արտագաղթը իր հետ տարավ մտածողներից ու որակյալ մասնագետներից շատերին: Այս ժամանակ, երբ նախարար էր Բլեյանը, որը մեր լավագուն մտավորականներից է, հետաքրքիր աշխատանքներ տարվեցին, բայց շարունակություն չունեցան: Առավել ուշադրության են արժանի այն տարիները, երբ Հայաստանը գնում էր խաղաղ, կայուն, անցնցում ժամանակի միջով: Խոսքը վերջին քսան տարվա մասին է, երբ կար հրաշալի հնարավորություն՝ ոտքի կանգնեցնելու մանկավարժությունն ու կրթության ոլորտը, բայց եղավ հակառակը: Ուսուցման դաշտը ծածկվեց ցեխով` դառնալով նոմենկլատուրային մի օրգան, որտեղ սկսեց ծփալ խծբ-ն, առատացան ստվերային մոտեցումները, և և ուսման որակը ընկավ անմխիթար վիճակի մեջ: Երկրի հետընթացի գլխավոր մասը այստեղով է պայմանավորված: Պետք է առանձնահատուկ նշել, որ կրթության և գիտության ոլորտներում գրանցած անհաջողությունների ու տապալման գլխավոր պատասխանատուն Դաշնակցությունն է, ում բավականին երկարատև կառավարման ներքո էր տվյալ դաշտերը համակարգող նախարարությունը: Ինչպես ամեն տեղ, այստեղ էլ «յեղափոխականների» աղետալի ձեռքը իրեն դրսևորեց: 

2018 թ. հետո պատկերի փոփոխություն էր սպասվում: Սակայն: Ծանր է, երբ մարդ միջակություն էլ չէ, բայց ապրում է իր մեծամտության փուչ ու սին պատկերացումներով՝ գերագնահատելով սեփական ես-ը: Արայիկ Հարությունյանի նշանակումից և նրա լիազորությունների մեծացումից քիչ անց պարզ էր, որ նա ոչ միայն չի կարողանում ղեկավարել այլև չունի լիարժեք վերահսկողություն ու հաստատակամ մոտեցում և ճանպարհային հստակ քարտեզ: Հարությունյանին կարելի է համարել այս կառավարության առաջին ձախողված մինիստրը: Բայց հարցը ավելի մեղմ կլիներ, եթե խոսքն այն մասին լիներ, որ մարդն ու մարդիկ ազնվորեն փորձում են ու չի ստացվում: Այդտեղ հանցանք չկա: Կա ընդունակությունների պակաս: Մինչդեռ հիմա խնդիրը վտանգավոր բնույթի կյանքի կոչման է հասել: 

Նորից հետդարձ անենք մեզ վերաբերող անցյալին: Սովետական միությունը պաշտոնապես աթեիստական պետություն էր և, բացի 1943-1953 թթ.-ից, երբ իշխանությունն ու հոգևոր աշխարհը գտնվում էին հավասարակշռված հարաբերությունների մեջ, իր գոյության ողջ ընթացքում վարել է հակակրոնական պայքար: 1920-1930-ներին դա «մարտնչող աթեիզմի» շրջանն էր, իսկ 1950-ականներից մինչև 1980-ը՝ «գիտական աթեիզմի» փուլերն էին: Իրավիճակը ավելի սրեց Խրուշչովը, որը նպատակ ուներ սոցիալիզմը վերածելու ամբողջական կոմունիզմի, որտեղ հոգևոր գործիչները (վերջին տեր հայրին հեռուստացույցով եմ ցույց տալու) և հավատացյալները չպիտի լինեին: Ընդունվեցին մի շարք որոշումներ՝ ուղղված հոգևոր աշխարհի դեմ, որոնցից մեկում ասվում է. «Հեռու պահել երեխաներին կրոնական ազդեցությունից», 1961թ.: Կարծես մեր օրերը լինեն, երբ ագրեսիվ մարմնաշարժությամբ կրթության և այլնի նախարարը ողջ թափով փորձում է եկեղեցու ներկայությունը հեռացնել ուսուցման կյանքից: Մինչդեռ մեր հոգևոր կառույցն է մայրը հայոց դպրության: Սա կրթությունն իր հողից արմատախիլ անելու փորձ է:  

Պատմությունը հատվածաբար կրկնվելու սովորույթ ունի, և երբ իրեն լավագույնս չես սերտել` վերարտադրվելու հատկություն: Հակաեկեղեցական պայքարը ստանում է դրսևորում ինչպես բռնատիրական, այնպես էլ ազատական սիստեմներում, երբ երկուսում էլ թափ է հավաքում ուլտրա ծայրահեղ մոտեցումը: Թե այս գործընթացի պատասխան հարվածը ո՞նց է գալիս ու ի՞նչ է լինում, գիտենք հենց նույն պատմությունից: 

Ծածկույթի ներքո ԿԳՄՍՆ փորձում է սղացնել իր ծրագիրը, որը ոչ միայն վստահություն չի ներշնչում, այլև վտանգավոր է իր էության մեջ: Ակնհայտ է, որ կրթության ոլորտի պատասխանատուները կաղում են մտավոր առումով. չունեն աշխարհայացք և խորաթափանցություն, մասշտաբային մտածելակերպ և ընկալողականություն, դրսևորվում են անհետևողականությամբ ու կարճատեսությամբ, զրկված են անհատի և խմբերի հետ աշխատելու ձիրքից, բացակայում են համարձակությունն ու կամքը: Այս ամենի հետ մեկտեղ ընտրվեց մտավորականության և մասնագիտական շրջանակների հետ չաշխատելու տարբերակը: Սա հոյակապ հնարավորություն էր քննարկման մշակույթի զարգացմանը նպաստելու համար, որը բաց թողնվեց, և այս ֆոնի ներքո դուրս է մղվում կոթողային դասականը ու ներմուծվում է չֆիլտրացված ժամանակակիցը: Նախարարության կողմից ներկայացված հիմնավորումների մեծ մասը կարելի է ձևակերպել, որպես «ասք ախմախությանը» և բնորոշել «գովք հիմարությանը» եզրույթներով: Վրադիր էլ բարձր բալեր հավաքած դիմորդների դուրս մնալն ու դրա հետևանքները: Այս ամենին հետևելիս գալիս ես այն եզրակացությանը, որ ԿԳՄՍ նախարարության ղեկավար հատվածը պատուհաս է դառնում այս պետության և լուրջ խնդիր Փաշինյանի ու նրա վարկանիշի համար: 

Հայաստանում միտք արտադրող խավը չընդգրկվեց իշխանավարման աշխատանքի մեջ, քանզի իշխանափոխականները կառուցելու ու զարգացնելու ո՛չ ծրագիր ունեն, ո՛չ ունակություն: Հետհաշվարկով նրանք ավարտվել են 2018 թ. մայիսի 8-ին: 

Ռուբեն Վարդանյան 

պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ