Իլհամ Ալիևի հետ հանդիպումներն ինքնանպատակ չեն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներն արդյունավե՞տ են, հուլիսի 12-ից հետո Դուք պատրա՞ստ եք հանդիպել և զրուցել նրա հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց РБК-ի լրագրողը: ՀՀ վարչապետն արձագանքեց, որ այդ հանդիպումներն ինքնանպատակ չեն, նախ պետք է կայունացնել իրավիճակը:

«Ես մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ՝ Հայաստանի հետ ուժի դիրքերից չխոսել, դա միֆ է, իլյուզիա, որ մեզ հետ կարելի է խոսել ուժի դիրքերից, ինչ վերաբերում է ապագա իրադարձություններին. նախ պետք է կայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ձեր օրինակով նշեմ. ես հասկանում եմ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն է խախտել հրադադարը, Հայաստանը հակառակն է պնդում: Միջազգային հանրության համար Հայաստանը մի մի բան է ասում, Ադրբեջանը՝ մեկ այլ բան»,- նշեց ՀՀ վարչապետը:

Ինչպե՞ս վարվել այս դեպքում: Այս հարցի պատասխանն, ըստ Փաշինյանի, պարզ է. պետք է ստեղծել մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքում, և դա պետք է անի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանը նման առաջարկով դիմել է Մինսկի խմբին:

«Դա միշտ եղել է մեր օրակարգում, բայց Ադրբեջանը չի ընդունում: Ես կարծում եմ՝ գոնե այս իրադարձություններից հետո մենք բոլորս կգանք այդ որոշմանը, քանի որ դա շատ կարևոր է»,- նշեց Փաշինյանը:

--00--ԱԹ