Հակահայկական շեշտադրումներով հաղորդում Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

gabunia

Վրաստանյան ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության եթերում Գիորգի Գաբունիայի «Post Factum» հաղորդման հուլիսի 26-ի թեման  հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն է եղել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Հաղորդավարի նախաբանը, ինչպես նաև հաղորդման մաս կազմող ու մանրակրկիտ պատրաստված ռեպորտաժը, ամբողջովին հիմնված են Ադրբեջանի իշխանամետ, հաճախ կեղծ «տեղեկություններ» տարածող haqqin.az լրատվամիջոցի հրապարակումների վրա: Հաղորդումը վերնագրված է՝ «Նոր և մեծ պատերազմում ներգրավված Վրաստանը՝ հայ-ադրբեջանական հակամարտության սահմանին»։

Կայքը ներկայացրել է նախկինում բազմաթիվ սկանդալային իրավիճակներ ստեղծած հաղորդավար Գիորգի Գաբունիայի նախաբանը, ինչպես նաև այլ մանրամասներ վերոնշյալ հաղորդման մասին։

«Պակասում էր միայն, որ ուրիշների պատերազմի մեջ ներքաշվեինք: Չնայած սա արդեն ներքաշվել չի կոչվում, եթե իշխանությունն ինքն է որոշում կայացրել Վրաստանի տարածքով զենք անցկացնել ու թշնամանալ 2 հակառակորդ հարևաններից մեկի հետ․ այն էլ հենց նրա, ով մեր ռազմավարական գործընկերն է: Շատ մեծ է հավանականությունը, որ հայկական կողմը ադրբեջանական գյուղերը ռմբակոծել է հենց մեր տարածքով ներմուծած զենքով: Ամեն դեպքում մեր ընկերը՝ Ադրբեջանը, վստահ է, որ այն հենց մեր տարածքով է անցել և մեր իշխանությունն է դա թույլ տվել: Այս մասին արդեն Ադրբեջանի կառավարությունն է խոսում: Եթե սա իրականություն է, հնարավոր է՝ «Վրացական երազանքը» անմիջապես Ռուսաստանի հրամանով է նման որոշում է կայացրել: Ամենաշատը հենց Ռուսաստանին է ձեռնտու, որ մեզ համար կարևոր գործընկեր Ադրբեջանը հեռանա մեզնից: Դավիթ Գարեջայում ստեղծված պատմությամբ սա նրանց չհաջողվեց, հիմա հնարավոր է  զենքի տեղափոխմամբ ստացվի»,- հայտարարում է Գաբունիան։

Այս նախաբանից հետո մեկնարկում է ռեպորտաժը՝ հետևյալ բովանդակությամբ․

«Գիտեիք, թե ոչ, ցանկանում էիք, թե ոչ, այսօրվանից ի վեր Հայաստանի դաշնակիցն եք՝ Ադրբեջանի դեմ պատերազմում: Եթե մեր գլխավերևում ռումբ էլ պայթեր, այնպես չէր վնասի, որքան Ադրբեջանի արդեն պաշտոնական մեղադրանքը, որ նպաստել ենք  Հայաստան զենք ներմուծելուն: Զենքը սերբական էր և Բաքվի վարկածով՝ մեր միջոցով Հայաստան է մտել  երկու երկրների միջև հակամարտության մեկնարկից օրեր առաջ»։

Ռեպորտաժի շրջանակներում Վրաստանի տարածքով անցնող ռազմական մեքենաների՝ ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուսանկարը «ստուգելու» համար Մթավարիի լրագրողը հասել է Սադախլո բնակավայր, որտեղ հարցում է արել տեղում բնակվող ադրբեջանցիներից՝ արդյո՞ք մոտ օրերին նման բեռնատարներ տեսել են: Տեղի բնակիչներից մի մասն ասում է, որ չի տեսել, մյուսը հաստատում է՝ բեռնատարները տեսել են համավարակից առաջ, կան նաև ընդամենը վերջերս մեքենաները «տեսնողներ»:

Ռեպորտաժում  և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի փորձագետների հարցազրույցներից հատվածներ են  ներառված, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի տեսակետը խնդրի վերաբերյալ, բայց նյութի հեղինակ Թենգո Գոգոտիշվիլին իր մոտեցումները հիմնավորում է մեծամասամբ haqqin.az-ի վրա հղվելով՝ որպես «հավաստի ու հեղինակավոր աղբյուրի», թեև այն ճիշտ հակառակ համբավն ունի:

Ռեպորտաժն  ամփոփվում է հետևյալ եզրահանգումներով․

«Վրաստանի գլխավոր շահը, իհարկե, կովկասյան խաղաղությունն է: Պետք է լինի: Սակայն առաջնահերթություններ սահմանելիս պետք է հիշենք, որ մեր ռազմավարական դաշնակցի անունն Ադրբեջան է, Հայաստանի դաշնակցինը՝ Ռուսաստան: Ադրբեջանական տեղեկատվական գործակալությունը շատ մանրամասներ չի հրապարակում: Ինչով մի կողմից անվստահության, մյուս կողմից՝ տարբեր վարկածների տեղիք է տալիս: Օրինակ՝ ինչու՞ պիտի Հայաստանը կարիք ունենար այլ տեղից ներմուծել ռուսական կալիբրի և համակարգի զենք, եթե ռազմավարական դաշնակցի արտոնությամբ, Ռուսաստանից կարող է համաշխարհային գներից 60-65 տոկոսով ավելի էժան ցանկացած զենք ու տեխնիկա ձեռք բերել: Իսկ եթե ավելի հեռու գնանք, գուցե այս սխեման ու տեղեկության հրապարակման ժամանակն ուղղված է Վրաստանի ու Ադրբեջանի ռազմական, քաղաքական ու տնտեսական տանդեմի վերացմա՞նը: Ծրագրել է դա Ռուսաստանը, թե ոչ, Գյումրիի բազան արդեն տեղից շարժվել է։ Հայաստանի արտգործնախարարությունը չնայած մեր խնդրանքին, լռում է: Հայաստանի, Վրաստանի պաշտպանության նախարարությունների հետ մեկտեղ, լեզուները կուլ են տվել»:

--00--ԱԹ