ՌԴ դաշնակիցն առանձին գործիչներ չեն, այլ հայ ժողովուրդը. Փաշինյանը պատասխանել է Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն РБК-ի հետ զրույցում արձագանքել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը «անշնորհակալ Հայաստանի» մասին: ՀՀ վարչապետն ընդգծել է՝ Հայաստանում ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ, իսկ Ռուսաստանը թշնամական երկիր համարող հասարակական կազմակերպությունները գործում են դեռ այն նախագահների ժամանակներից, ում հավատարմության հարցում ՌԴ-ում որևէ մեկը կասկածներ չի ունեցել:

Փաշինյանը նշել է, որ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը Հայաստանում կտրուկ բացասական արձագանք է ստացել:

«Հայաստանը դեռ չի ճանաչել ԼՂ անկախությունը: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ոչ»,- նշել է Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածք են:

Արձագանքելով Սիմոնյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման հետ կապված դժգոհություններին, Փաշինյանը նշել է, որ ոչ թե առանձին քաղաքական գործիչներն են ՌԴ դաշնակիցը, այլ ողջ հայ ժողովուրդը:

«Ռուսաստանում պետք է գիտակցեն, որ Հայաստանում ՌԴ դաշնակիցը Փաշինյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանը չեն, ՌԴ դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է: Դա շատ կարևոր նրբություն է»,- ասել է ՀՀ վարչապետը: 

Նրա խոսքով՝ բազմաթիվ գործիչներ երկար ժամանակ իրենց ներկայացրել են որպես ՌԴ միակ դաշնակից, մինչդեռ ՌԴ գործընկերը հայ ժողովուրդն է:

--00--ԱԹ