Վիշապաքարերի դիրքն ուղղվում է

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 27, 24News

վիշապաքար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ նախաձեռնել է պատկերագրված հատվածով գլխիվայր (փորնիվայր) տեղադրված հինգ վիշապաքարերի դիրքն ուղղելու աշխատանքներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ հարյուր վիշապաքար: Դրանցից տասնութը նախկինում տեղափոխվել են իրենց սկզբնական տեղից, որոնցից հինգը պատկերագրված հատվածով գլխիվայր (փորնիվայր) դրվել է ցեմենտի մեջ: Կոթողներից մեկը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում (360 x 60 x 90 սմ, բերվել է Գեղամա լեռների Աժդահա յուրտ վայրից, որպես հուշարձան հաշվառված է պետական ցուցակում՝ Կենտրոն 1.6.169), իսկ չորսը գտնվում են Արագածոտնի մարզում.

  • Դաշտադեմ գյուղի գերեզմանոցում (օգտագործված է որպես գերեզմանաքար, 295 x 124 x 43 սմ, բերված է Արագածի բարձունքներից՝ Կաթնաղբյուրի լեռնային արոտավայրից, հաշվառված է պետական ցուցակում, պետցուցիչ՝ 2.35.10.3.17):
  • Դավթաշեն գյուղի այգում (օգտագործված է որպես հուշաքար, 340 x 128 x 70 սմ, բերված է Արագածի բարձունքներից՝ Կաթնաղբյուրի ամառանոցից, հաշվառված է պետական ցուցակում, պետցուցիչ՝ 2.36.4):
  • Անտառուտ գյուղից վեր, Տիեզերական ճառագայթների հետազոտության Նոր Ամբերդ կայանում (264 x 116 x 44 սմ, բերված է Արագածի բարձունքներից՝ Քարակապ վայրից):
  • Արագածի Քարե լճի մոտ, Ա. Ալիխանյանի անվան տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում (340 x 110 x 70 սմ, բերված է Արագածի բարձունքներից՝ Քարակապ վայրից, հաշվառված է պետական ցուցակում, պետցուցիչ՝ 2.10.4):

Նշյալ վիշապաքարերը տասնյակ տարիներ տեղադրված են եղել սխալ դիրքով՝ հաճախ ռելիեֆ ցլակերպ կամ ձկնակերպ քանդակը թաղված է եղել բետոնի կամ պատվանդանի մեջ:

Վիշապաքարերի դիրքի ուղղման աշխատանքները սկսվել են դեռևս անցած շաբաթ. հուլիսի 19-ին ուղղվել է Դավիթաշեն գյուղում գտնվող վիշապաքարը: Հուլիսի 26-ին ուղղվել է սխալ տեղադրված երկրորդ վիշապաքարի դիրքը, որը 1970 թվականին վիշապաքարը Արագածի բարձունքից իջեցվել և գլխիվայր դրվել էր Նոր Ամբերդ կայանի տարածքում՝ պատվանդանի մեջ: Առջևում ևս երեքն են:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ի համագործակցությամբ։ Ծրագիրը հովանավորում է ԱՄՆ Կալիֆորնիայի «Արարատ Էսքիճյան» թանգարանը՝ ԳԱԱ ՀԱԻ տնօրենի տեղակալ, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի գիտական վերահսկողությամբ ու ղեկավարմամբ:

--00--ԱԹ