Ադրբեջանցիները կրակել են բակում կանգնած 3 հայերի վրա․ ՌԴ հայերի միավորման համանախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

«Հուլիսի 24-ի գիշերը, ցավոք, ունեցել ենք մի դեպք, երբ ադրբեջանցիները մեքենայով մոտեցել ու կրակել են մեր 3 հայրենակիցների վրա, որոնք բակում կանգնած են եղել։ Նրանք վիրավոր են, բայց բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չկան։ Ներկայումս հիվանդանոցում է հայկական խանութի սեփականատերը, որին ծեծի էին ենթարկել ադրբեջանցիները և ավիրել խանութը», - այդ մասին 24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում ասել է Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Մոսկվայում ադրբեջանցիների հակահայկական գործողություններին և բախումներին։ 

Տոնոյանը նշեց, որ մինչև այս պահը ձերբակալությունները շարունակվում են, նրանց շարքերում կան նաև հայեր, սակայն ձերբակալված ադրբեջանցիների թիվն ավելի շատ է՝ 50-ից ավելի։  Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովվի հայկական համայնքի անվտանգությունը։
 
«Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից շատ խիստ վերահսկողություն է իրականացվում։ Այստեղ շատ լուրջ են ընդունում ազգամիջյան կոնֆլիկտները, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի չգրգռեն հանրությանը։ Նույնիսկ շատ կոպիտ ձերբակալություններ են կատարվում», - ասաց Ռուսաստանի հայերի միավորման համանախագահը։ 

Ըստ Դավիթ Տոնոյանի՝ վերջին օրերի բախումները միայն համախմբել են հայերին, համայնքը փորձում է սադրանքների չտրվել, չկա վախ, հուսահատություն, հայրենակիցները հետևում են ՀՀ կառավարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կոչերին, հայտարարություններին։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ