Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

հասարակական

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը: Այն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի բաղկացուցիչն է: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ծրագրի ընթացքում կատարվելու է Հայաստանում մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում՝ միջազգային լավագույն չափանիշների համադրմամբ: Պետական եկամուտների կոմիտեում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվելու 19 ուղղություններով:

Ծրագիրն ավարտվելու է 2021 թվականի մարտին, և արդյունքների հիման վրա կոմիտեին առաջարկվելու են բարեփոխումների նոր ուղղություններ և գործողությունների հետագա ծրագիր:

Նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել Հայաստանի մաքսային համակարգը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, հայտնաբերել և վերացնել թերությունները, ինչը, միաժամանակ, դրականորեն կանդրադառնա առևտրի դյուրացման և կայուն եկամուտների ապահովման գործընթացների վրա:

--0--ԿԿ