Անտրամաբանական գործընթացներ են սկսվել, ՍԴ ճգնաժամը հիմա է ձևավորվել․ ՍԴ նախկին անդամներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

ալվինա

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չորեքշաբթի ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Նշենք, որ մինչև այդ այն ստորագրելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 21-օրյա ժամանակ էր տրվել, ինչն ավարտվելուց հետո նա այդպես էլ չէր ստորագրել, որից հետո Սահմանադրությամբ վերապահված լիազորությամբ այն վավերացրել է ԱԺ նախագահը։ 

Թեմայի շուրջ 24News-ը զրուցել է ՍԴ՝ արդեն նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի հետ։

Ալվինա Գյուլումյանն անիմաստ համարեց մեկնաբանել տեղի ունեցածը, միևնույն ժամանակ ցանկացավ արձանագրել, որ վերջին շրջանում ՍԴ-ում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նիստերը չեն կայանում, գործերի ժամկետներ են խախտվել, մարդիկ դիմումներ են ներկայացրել, որոնք սահմանված ժամկետներում չեն քննվում։ Նա նաև հայտնեց, որ ՍԴ չի գնում և չի էլ պատրաստվում գնալ։ 

«Ես լակո՞տ եմ, որ գնամ ՍԴ, իսկ ոստիկանն ինձ ասի՝ շենք մտնել չեմ թողնում։ Ես ասել եմ, թե ո՞ր պայմաններում կգնամ ՍԴ, այլևս ոչինչ կրկնել չեմ ուզում », - ասաց Ալվինա Գյուլումյանը։

ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանը 24News-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ շատ բացասական է վերաբերվում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ դրանք որակելով հակաիրավական և հակասահմանադրական:

«Այստեղ նպատակահարմարության հարց է։ Ես չգիտեմ՝ ՀՀ նախագահն ինչո՞ւ չի ստորագրել ՍԴ փոփոխությունների մասին օրենքը, այս ամենը սահմանադրության, օրենքի ոգուց չի բխում։ Այստեղ քաղաքական առաջնահերթություններին նախապատվություն տալու հարց է», - ասաց Նազարյանը։

Նկատենք, որ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Հրանտ Նազարյանին արգելել էին ՍԴ մուտք գործել՝ պարզաբանելով, թե նրա՝ որպես ՍԴ դատավոր լիազորությունները դադարեցված են, վերջինս նույնպես ՍԴ աշխատանքի չի գնում։ 

Հրանտ Նազարյանն այն կարծիքին է, որ այս գործելաոճը չի բխում իրավական պետության գործելաոճից, և հույս ունի, որ ամեն ինչին ժամանակին կտրվի համապատասխան գնահատական:

«Չեմ գնում ՍԴ, գնամ, էլի իմ անձը դնեմ անհարմար վիճակի մե՞ջ։ Ես հիմնադիր դատավորներից եմ եղել ՍԴ-ի, շատ բաներ եմ տեսել, այդպիսի քայլի երկրորդ անգամ չեմ դիմի։ Հիշում եմ՝ ինչպե՞ս գնդապետին հարցրի՝ իրավական հիմք ունե՞ն, որ արգելում են ՍԴ մուտք գործել, նայեց աչքերիս մեջ և ասաց՝ ո՛չ, չունեմ, ես դրանից ավելի ի՞նչ պետք է ասեմ, ցավում եմ այդ ուսադիրները կրողների համար», - ասաց Հրանտ Նազարյանն ու հավելեց, որ ՍԴ-ում հիմա է սկսել ճգնաժամը, քանի որ խաթարվել է դատարանի բնականոն աշխատանքը։

«Այն ճգնաժամի մասին, որ բազմիցս խոսում էին, հիմա է ձևավորվել, ցավում եմ, որովհետև 24 և ավելի տարիներին այսպիսի իրավիճակի ականատես չէի եղել։ Դատարանը միշտ աշխատել է պատշաճ, կատարել է իր լիազորությունները և որևիցե խնդիր չի առաջացել, ինչը հիմա է։ Իշխանությունները հասան իրենց նպատակին»,-ասաց նախկին դատավորը։

Հրանտ Նազարյանը, խոսելով ՍԴ նոր դատավորների թեկնածուների առաջադրման գործընթացի մասին, ասաց, որ սկսվել է իրավական առումով անտրամաբանական գործընթաց, որը հանգեցնելու է է՛լ ավելի անտրամաբանական գործընթացների։

Նա նաև հավելեց, որ իրենց իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլեր են ձեռնարկելու, որոնք կվերականգնեն խախտված իրավունքները։ Թե հստակ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, չցանկացավ մանրամասնել։

Սոնա Գրիգորյան

--00—ԼՄ