Թուրքիան ապակայունացնող գործոն է տարածաշրջանում. Լեհաստանում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News  

դեսպան

Առավել քան հստակ է, որ Թուրքիան ապակայունացնող գործոն է մեր տարածաշրջանում և լուրջ մարտահրավեր Հայաստանի անվտանգությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը «Warsaw Institute Review» ամսագրին տված հարցազրույցում: Ավելին, դեսպանի խոսքով, Թուրքիայի փորձերը՝ միջամտելու հարևան այլ տարածաշրջաններում ընթացող հակամարտություններին, արդեն իսկ խարխլել են անվտանգությունն ու կայունությունն այնտեղ։

-Ինչո՞ւ հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կրկին բռնկվեց վերջին օրերին։

-Առկա է բավականին հստակ վկայություն, որ իրավիճակի ամենավերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի հյուսիսային մարզում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության տրամաբանական հետևանքն էր։ Եթե հետևենք Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին շաբաթների և ամիսների պատերազմ հրահրող հռետորաբանությանը, որով նրանք հանդես են գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման, ապա կտեսնենք, որ հուլիսի 12-ից սկսված իրադարձություններին մղող սադրանքը պատահական չէր։ Հայկական կողմը շարունակաբար զգուշացնում էր իր միջազգային գործընկերներին նման իրավիճակի բարձր հավանականության և Ադրբեջանի չարամիտ մտադրությունների եռանդի ու դրանք սանձահարելու քաղաքական ու դիվանագիտական քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։ Սակայն, ի հիասթափություն հայկական կողմի, մեր նախազգուշացումներն անտեսվեցին։

-Արդյո՞ք վերջին բախումների պատճառները նման են 1988թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի դրդապատճառներին։

- Կարող են լինել որոշակի նմանություններ։ 1988թ․ հակամարտությունը սկսվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հանուն խաղաղ ինքնորոշման իրավունքի շարժումը կոպիտ ռազմական ուժով ճնշելու փորձից։ Այն ժամանակ ադրբեջանցիները տպավորիչ կերպով տապալվեցին։ Դասեր քաղելու փոխարեն, ցավոք սրտի, ադրբեջանական ղեկավարությունն այժմ կեղծ պատմական տարածքային պահանջներ է առաջադրում նաև Հայաստանին։ Դա համապատասխանում է Ադրբեջանի երկար պատմություն ունեցող այն պնդմանը, որ հակամարտությունը միշտ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև և Լեռնային Ղարաբաղը՝ իր օրինական ընտրված իշխանություններով, առանձին դերակատարություն չունի։ Նման մոտեցումը և վարքը որևէ հիմնավորում չունեն և ավելի են հեռացնում ԼՂ հակամարտության խաղաղ և բանակցային լուծում գտնելու հնարավորությունները, ինչը հայկական կողմերի և միջազգային հանրության համար ընդունելի միակ կենսունակ տարբերակն է։

-Որո՞նք են Թուրքիայի և Ռուսաստանի դերակատարությունները Կովկասում և ինչպե՞ս են դրանք ազդում վերջին օրերի իրավիճակի վրա։

-Երկու երկրները գործում են բացարձակապես տարբեր կերպով։ Թուրքիայի պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, նախագահը և այլ պաշտոնյաներ, անցած շաբաթվա ընթացքում արդեն իսկ արել են մի շարք հայտարարություններ և մեկնաբանություններ՝ արտահայտելով իրենց աներկբա աջակցությունը Ադրբեջանին, այդ թվում և հավանական ռազմական ներգրավմամբ։ Սա ծայրահեղ վնասակար է և ոչ միայն քաջալերում է Ադրբեջանին շարունակելու ընթանալ սրացման վտանգավոր ուղով, այլև առաջ է բերում հիմնարար հարցադրումներ, թե արդյոք այդ երկիրը կարող է որևէ վստահելի և դրական դեր խաղալ Հարավային Կովկասում։ Այս պահին առավել քան հստակ է, որ Թուրքիան ապակայունացնող գործոն է մեր տարածաշրջանում և լուրջ մարտահրավեր Հայաստանի անվտանգությանը։ Ավելին, Թուրքիայի փորձերը՝ միջամտելու հարևան այլ տարածաշրջաններում ընթացող հակամարտություններին արդեն իսկ խարխլել են անվտանգությունն ու կայունությունն այնտեղ։ Այս փաստերն ավելի անհնար են դարձնում Թուրքիայի որևէ դերակատարությունը՝ միջազգային և հատկապես ԵԱՀԿ շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված։ Հայաստանը կշարունակի հետևողականորեն աշխատել միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ։

Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանը՝ լինելով Հայաստանի դաշնակիցը և կրելով ռազմական անվտանգության համաձայնագրերի պարտավորությունները, ընտրեց առավել հավասարակշիռ մոտեցում և առաջարկեց իր միջնորդական ծառայությունները ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահ, այլև ազգային կարգավիճակով։

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկու երկրները  Բաքու-Երևան հարաբերությունները կարգավորելու նպատակով։

-Ներկայիս իրավիճակը պահանջում է հնարավորինս արագ ներգրավվում բանակցություններում՝ հիմնված բարի կամքի վրա։ Ադրբեջանը պետք է վերջապես ըմբռնի, որ մենք ապրում ենք նույն տարածաշրջանում և կարիք ունենք կառուցելու ընդհանուր անվտանգության տարածք։ Այդ նպատակին հասնելու համար, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է առանց նախապայմանների հարգվի, միջազգային իրավականորեն պարտադիր մեխանիզմները պետք է գործի դրվեն այդ իրավունքի իրականացման և ԼՂ կարգավիճակի որոշման համար։ Այդ պարագայում Հարավային Կովկասի ողջ ներուժը կիրացվի, որից հավասարապես կշահենք բոլորս։

-Կցանկանայի՞ք, որ միջազգային կազմակերպությունների ներգրավվեին խաղաղության գործընթացում։

-Մենք, ինչպես և միջազգային հանրության մեծամասնությունը, հայտարարել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է՝ միջնորդելու ԼՂ հակամարտության հարատև կարգավորման հասնելուն ուղղված խաղաղ բանակցությունները։ Ցանկացած այլ սատարող ներգրավում միջազգային կազմակերպությունների կողմից պետք է սերտորեն համադրվի և խորհրդակցվի համանախագահների հետ։ Ցավոք սրտի, մենք անցյալում ականատես ենք եղել այն իրողությանը, որ այլ մոտեցման պարագայում, հաճախ, եթե ոչ միտումնավոր, ապա նույնիսկ առանց դիտավորության, դա կարող է ավելի վնասել, քան օգտակար լինել խաղաղ գործընթացին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ