Ակցիա՝ ԱԺ-ի դիմաց. բողոքում են բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

1

Բուհ չընդունված դիմորդները ծնողների հետ հուլիսի 22-ին բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի մոտ: Նրանք անարդարացի են համարում այն, որ քննությունից ստացել են բարձր միավոր, բայց չեն ընդունվել որևէ բուհ, իսկ, օրինակ, 7,5 միավոր ստացողն ընդունվել է:

«Ասել են, որ գերակայությունը տրվելու է առաջին հայտին, բայց չեն ասել, որ եթե առաջին հայտով չես անցնում, հնարավոր է՝ 18,75 էլ ստանաս ու ոչ մի տեղ չընդունվես»,-ասում է չընդունված դիմորդներից մեկը, ապա հավելում, որ, ըստ պաշտոնական տվյալների, 739 հոգի հավաքել է բավարար գնահատական ու չի ընդունվել ոչ մի տեղ, ևս 300-400 հոգի ընդունվել է, բայց ոչ այն բաժինները, որտեղ իրենք են ցանկացել:

ԳԹԿ-ի պարզաբանման հետ, թե առաջին հայտով մրցակցությունն է կարևորվում, ծնողներից մեկը համաձայն չէ, ասում է՝ կապ չունի, թե դիմորդը ո՞ր հայտով է ընդունվում, կարևորն այն է, որ գիտելիքը կա:

«Մեզ չի ծանուցվել փոփոխությունների մասին, միգուցե երեխան իմանար ու դիմեր այլ բաժին: Բաժին կամ այլ հոսք ստեղծեք, այսքան երեխան 18 միավորով դրսո՞ւմ մնա: Մեզ անհրաժեշտ է, որ ապագան լինի խելացի երեխաներինը, ոչ թե 7,5 հավաքվածներինը: 7,5 միավորով բժիշկը պետք է մեզ բուժի՞»,-մտահոգվում է ծնողը:

Մեկ այլ ծնող էլ բողոքում է, թե ժամանակին այս երեխաներն ասֆալտին կանգնած հեղափոխություն էին անում. «Ու այդ երեխաներին ղեկավարությունը չի ուզում արտոնություն տալ, գոնե մի շանս տալ: Այս երեխաներն ուզում են ընդամենը սովորել: Ի՞նչ է տվել այս հեղափոխությունը, ինչի՞ համար ենք արել»:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ակցիա են իրականացրել նաև ԳԹԿ-ի դիմաց, ապա նաև նամակ հանձնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։

Այս պահին ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկվում է մրցույթից դուրս մնացած դիմորդների հարցը: Նիստին մասնակցում է նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

--00—ԼՄ