«Պետությունը մարդուն զրկում է շնչելու իրավունքից». փաստաբանները հանրագիր են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

դիմակ

Մի խումբ փաստաբանների կառավարությանը հանրագիր են ներկայացրել՝ առաջարկելով վերացնել հանրային բաց տարածքներում միայնակ մարդու կողմից դիմակ կրելու սահմանափակումները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Յուրաքանչյուր մարդ ունի մաքուր օդ շնչելու իրավունք.

Մի խումբ փաստաբաններիս կողմից ՀՀ կառավարությանը հանրագիր է ներկայացվել առաջարկելով՝

- Պարետի կողմից հանրային բաց տարածքներում միայնակ մարդու կողմից դիմակ կրելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու սահմանափակումները վերացնել:

Մեջբերում տեքստից՝

Տվյալ դեպքում, մարդու շնչելու իրավունքը սահմանափակվել է, որպեսզի դրանով մարդը չվարակի այլ մարդու, կամ չվարակվի այլ մարդուց:

Այս միջամտության տրամաբանությունը չի երևում, երբ պարետը դիմակ կրելու պահանջ է դնում բացօթյա տարածքում միայնակ զբոսնող մարդու առջև: Ստացվում է, որ մարդը չի կարող վարակել մեկ այլ մարդու կամ վարակվել նրանից, սակայն պարտավոր է դիմակով շնչել:

Տրանսպորտային միջոցում գտնվող ընտանիքի անդամներին դիմակ կրելը պարտադրելը նույնպես չի դիմանում քննադատության, քանի որ ընտանիքի անդամներն իրենց բնակարանում կարող են առանց դիմակ միմյանց հետ շփվել:

Միայն այն ենթադրյալ փաստարկը, որ այդ կերպ պետությունը կարող է առավել արդյունավետ վերահսկել ընտանիքի անդամներ չհանդիսացող անձանց տեղափոխությունը տրանսպորտային միջոցով, չի դիմանում քննադատությանը: Ստացվում է, որ պետությունն իր վերահսկողություն կատարելը հեշտացնելու համար մարդուն զրկում է շնչելու իրավունքից, ինչն ուղղակիորեն չի համապատասխանում միջամտության թեստին:

Ամբողջական տեքստը կցվում է»:

--00—ԼՄ