Նրանք փորձարկում էին Հայաստանի կարողությունները ԼՂ-ից դուրս. ԱԳ նախարարը՝ «France 24»-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

զոհրաբ

«Հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ագրեսիայի եւ ներթափանցման փորձ կատարվեց հայկական դիրքերի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում. այդ փորձերը վճռականորեն հետ մղվեցին, ինչին հաջորդեց հայկական դիրքերի, ինչպես նաեւ քաղաքացիական ենքակառուցվածքների եւ բնակչության հրետակոծությունը»: Այս մասին «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք վճռական ենք եղել մեր պաշտպանությունում։ Մենք նաև շատ սերտ համագործակցել ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ՝ մարտական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու ուղղությամբ։

Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։

Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր:

Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը եւ բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաեւ Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է»,-ասաց Մնացականյանը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանն ասում է՝ հայկական կողմն է սկսել մարտական գործողությունները, ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Մենք բավական հաստատակամ ենք եղել լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: Մենք շատ հաստատակամ ենք այդ հարցում: Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը:

Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները: Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ»:

--00—ԼՄ