ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտոնանկ անելով արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, վերջինիս քավության նոխազ դարձրեց: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում Սարաֆյանն ընդգծեց՝ Ալիևը կարծում էր, թե իր արկածախնդրությունը Մամեդյարովը կարողանալու էր մեղմել:
«Եթե Ալիևը չի «գտել» Մամեդյարովին, ուրեմն իրարանցում է Ադրբեջանի ամենբարձր մակարդակում,- նշում է Սարաֆյանն ու հավելում,- Ադրբեջանը խաղաղությունից խոսելու իրավունք չունի, այդ երկրից միայն ռազմատենչ կոչեր ենք լսում: Հակառակորդը սին պատրանք ունի, թե միայն զինամթերքով կարող է հաջողության հասնել, ինչն իհարկե հեռու է իրականությունից»:
Դառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին միաջզգային կառույցների, պետությունների, ինչպես նաև՝ առանձին քաղաքական գործիչների անդրադարձին՝ մեր զրուցակիցն ասաց, որ, օրինակ, Թուրքիայի՝ կողմնակալ, Ադրբեջանին սատարող հայտարարությունը սպասելի էր:
«Թուրքիան ցանկանում է Մինսկի խմբին նմանվել, բայց նրանց ձեռագիրը մեզ լավ է հայտնի: Ավելին՝ նրանց հայտարարությունները տարածաշրջանն ավելի են ապակայունացնում: Ինչ վերաբերում է Ամերիկայից եկող հայտարարություններին, ապա այդտեղ Հայաստանը՝ որպեղ մեղավոր կողմ չի ներկայացվում: Կոնգրեսի հետ այժմ աշխատանք է տարվում, որ խաղաղ բնակչությանը թիրախավորող ու ռազմական գործողություններ հրահրող Ադրբեջանին տրվող օգնությունը կրճատվի»,- շեշտեց Համբիկ Սարաֆյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ