Անկարան բացահայտ կերպով աջակցում է Բաքվին. «L'Orient-Le Jour»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

անկարա

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն անդրադարձել է լիբանանյան ֆրանսալեզու «L'Orient-Le Jour» պարբերականը՝ «Երևան և Բաքու. էսկալացիայի պատճառները» հոդվածում: Այն ներկայացրել է Արմենպրեսը:

«Մինչ Հարավային Կովկասում բարձր լարվածություն է տիրում, Մոսկվան զսպվածության կոչ է անում, իսկ Անկարան բացահայտ կերպով աջակցում է Բաքվին։ Այսպես է սկում հոդվածագիրը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեղի չի ունենում... Լեռնային Ղարաբաղում՝ գոնե այս անգամ։

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները, որոնք տեղի են ունենում կիրակի օրվանից սկսած, ծավալվում են Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովրուզի շրջանի միջև սահմաններին։ Ըստ պաշտոնական տվյալների, երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև մարտերի արդյունքում կա առնվազն 17 զոհ՝ ադրբեջանցի 12 զինվորական և մեկ քաղաքացի և 4 հայ զինվոր։ Բաքուն և Երևանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում ռազմական գործողությունների բռնկման կապակցությամբ, ընդսմին, չորս օր շարունակվող բախումներից հետո երեկ երկու կողմերն էլ արձանագրել են առավել հանգիստ իրավիճակ։

Այդուհանդերձ, կարծես թե Ադրբեջանն է սանձազերծել բռնությունները, չնայած որ տեղեկությունները հակասական են։ Ինչո՞ւ։ Երևանի հետ լարվածության սրացումը Բաքվին թույլ կտար բնակչության ուշադրությունը շեղել երկրին ծանր հարված հասցնող տնտեսական ճգնաժամից։ Որպես կարևոր նավթարդյունահանող երկիր՝ Ադրբեջանը լրջագույն վնաս է կրում բարելի գնի գլխապտույտ անկումից և փորձում է ակտիվացնել ադրբեջանցիների ազգայնական տրամադրությունները։ Թվում է, թե դա նրան հաջողվել է։ Երեքշաբթի երեկոյան, մայրաքաղաքի Ազադլիք հրապարակում էին հավաքվել հազարավոր մարդիկ՝ բարձրացնելով ազգային դրոշը և կոչ անելով կառավարությանը մոբիլիզացնել զորքերը Լեռնային Ղարաբաղի շրջանը հետ գրավելու համար։ «Փաստն այն է, որ Բաքվի իշխանությունները բնակչության աղքատությունը տարիներ շարունակ բացատրել են արտաքին թշնամու գոյությամբ, ինչը դասական մեթոդ է։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հարուստ է նավթամթերքով, մինչդեռ ժողովրդի կենսամակարդակն էապես ոչնչով չի տարբերվում»,- հավաստում է L’Orient-Le Jour-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: