Դեսպան Արմեն Պապիկյանը ԱԷՄԳ տնօրենին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիան ու հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

Արմեն Պապիկյան

Հուլիսի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։

Մասնավորապես, դեսպան Պապիկյանը Հայաստանի խորին մտահոգություն է հայտնել Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ նման հայտարարությունները պարզապես ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, լրջագույն մարտահրավեր են հանդիսանում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսևորում։

Դեսպան Պապիկյանը հույս է հայտնել, որ ԱԷՄԳ-ը իր մանդատի շրջանակներում, իր դիրքորոշումը կհայտնի Ադրբեջանի նման անպատասխանատու և վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ։

Մտահոգություն հայտնելով զարգացումների կապակցությամբ՝ զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Հայաստանի ատոմակայանի անվտանգության և ապահովության հրամայականը և այդ առումով ընդգծել են Հայաստանի և գործակալության միջև տարիներ շարունակ զարգացող արդյունավետ համագործակցությունը։

--00--ԱԹ

Տեսանյութեր