Թող դժգոհության օջախներ ստեղծելու մոլուցքով տարվածները շարունակեն կքալ. Դիանա Գալոյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 18, 24News

Գալոյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Խորին շնորհակալություն ՀՊՏՀ խորհրդի անդամներին՝ իրենց քվեարկությամբ ինձ վստահելու համար, ՀՊՏՀ ողջ անձնակազմին՝ անվերապահ աջակցության համար և արդարամիտ ու ազնվաբարո հանրությանը՝ սադրանքներին, հերյուրանքներին ու բանսարկություններին չտրվելու, իրականությունը ճանաչելու, ճիշտ գնահատելու համար: Շնորհակալ եմ:

Թող պատերազմական ներկա իրավիճակում դժգոհության տարբեր օջախներ ստեղծելու մոլուցքով տարվածները շարունակեն կքալ բարոյական պատախանատվության տակ: Ինչ վերաբերում է «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի իմ գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու կապակցությամբ ՀՀ ԲՈԿ նախագահի 2020 թվականի հուլիսի 17-ին ընդունած հրամանին, որը տարօրինակ կերպով կայացվեց մրցույթի անցկացման պահին, և որը ակնհայտորեն փաստեց վերջինիս կանխակալ վերաբերմունքը անձիս հանդեպ և բացահայտեց արդարության հանդեպ նրա խտրական պատկերացումները, ապա այն իրավական արգելք չէր կարող հանդիսանալ ռեկտորի ընտրություններին իմ մասնակցության համար:

Այդ ոչ իրավաչափ հրամանն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: Ավելին, այդ հրամանի ընդունման համար ոչ իրավաչափորեն հարուցված վարչական վարույթի վերաբերյալ վարչական բողոք էր ներկայացվել իմ կողմից դեռևս ս.թ. հուլիսի 15-ին, սակայն անտեսելով այն և չսպասելով վերադասության կարգով բողոքի վերաբերյալ որոշման ընդունմանը` ԲՈԿ նախագահը հապճեպորեն, սպասարկելով խմբային շահ, ընդունել է մյուս ոչ իրավաչափ որոշումը` դրանով իսկ ակնհայտ դարձնելով այդ որոշումն ընդունելու իր անձնական շահագրգռվածության հանգամանքը:

ԲՈԿ-ի նախագահի կողմից իրականացված ոչ իրավաչափ գործընթացի և դրա արդյունքում օրենսդրությամբ սահմանված իմ իրավունքների և վարչարարության սկզբունքների կոպիտ խախտումներով ընդունված ոչ իրավաչափ հրամանի վերաբերյալ իրավական գնահատականը կտան պատկան մարմինները։

Ի գիտություն այդ տեղեկատվությունը տարածողների՝ իմ մասով ոչ իրավաչափորեն անվավեր ճանաչված 17.02.2015թ թիվ 5Ա-Վ2 հրամանով, ընդամենը հաստատվել է իմ գիտական աստիճանի շնորհումը, իսկ գիտական աստիճան շնորհելու որոշումը կայացրել է Հայ-Ռուսական համալսարանում գործող ԲՈՀ-ի 008 տնտեսագիտության մասնագիտական խորհուրդը:

Եվ ինչպես ինձ ասաց իմ կողմից շատ հարգված մի անձնավորություն՝ պայքարելը հեշտ չէ, երբեմն անհասկանալի շատերի համար, բայց դրված նպատակին հասնելու համար դժվարին իրավիճակներում պետք է պայքարել մինչև վերջ»։

--00--ԱԹ