ԱԺ պատգամավորները ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել են սահմանային լարվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News

Մակունց

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում են ացկացրել ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր գնահատեց կոնգրեսականների ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանին և Արցախին մշտապես սատարելու հարցում:

Կարևորվեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության հետագա ընդլայնումը եւ խորացումը:

Հանդիպմանը ՀՀ պատգամավորները ներկայացրեցին հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվեցին նաեւ մարզի Բերդ քաղաքի եւ Չինարի ու Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ խաղաղ բնակչության թիրախավորմամբ:

Այդ համատեքստում օրենսդիրներն անդրադարձան նաեւ Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերին:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին: Այդ առնչությամբ հայ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ամերիկյան կողմին՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձել է նաեւ Ֆրենք Փըլոնն իր թվիթերյան էջում»,-գրել է Մակունցը:

--00—ԱԹ