Հայկական սփյուռքը պատրաստ է կանգնել հայրենիքի և հայկական բանակի կողքին. Սինանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հուլիսի 12-ի կեսօրից ի վեր ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարը, ձեռնարկել են մի շարք ռազմական լայնածավալ գործողություններ ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ: Գործողությունները ցայսօր ուղեկցվում են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով, հատուկ նշանակության զորքերի, հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության թիրախավորմամբ: Հայկական բանակի գրագետ և զգոն գործողությունների շնորհիվ ադրբեջանական զինված ուժերն ունեցել են բազմաթիվ մարդկային կորուստներ, խոցվել է հակառակորդի բանակի թանկարժեք ռազմատեխնիկա: Մեր զինված ուժերի պատժիչ գործողությունների արդյունքում հայկական կողմն արձանագրել է շոշափելի դիրքային առաջխաղացում։ Ցավոք, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում տեղի ունեցող մարտերի ընթացքում հերոսաբար նահատակվել են Հայոց բանակի 4 զինծառայողներ:

Այս օրերին, երբ Ադրբեջանի հայատյաց իշխանությունը կրկին դիմում է զենքի ուժի, վտանգում է հայ ժողովրդի բնօրրանն ու միակ ապաստարան հանդիսացող Հայաստանի սահմանները, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխարհի տարբեր հայկական համայնքներից զորակցության բազմաթիվ կոչեր է ստանում: Հայկական սփյուռքը պատրաստ է իր հնարավորությունների ողջ ընդգրկմամբ կանգնել հայրենիքի և Հայկական բանակի կողքին:

Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Հայկական զինված ուժերն այս պահին լիարժեքորեն տիրապետում են իրավիճակին, և կասկածից վեր է, որ մեր սահմաններն անառիկ են, իսկ մեր բանակը՝ մարտունակ: Մեր նպատակը խաղաղությունն է, սակայն այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, և թշնամու ցանկացած ոտնձգություն ստացել և ստանալու է համապատասխան և հուժկու հակահարված: Գիտենք, որ հայկական սփյուռքն իր մեծ ազդեցությամբ և հսկայական ներուժով հայրենիքի պաշտպանի թիկունքին է: Այժմ ամենակարևորը մեր արդար ձայնը միջազգային հանրությանը հասցնելը և ադրբեջանական անօրինական գործողություններին համապատասխան գնահատական պահանջելն է:

Սփյուռքի մեր հայկական լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել բացառապես պաշտոնական լրատվություն: Աներկբա է, որ հայ ժողովուրդը կրկին համախմբված է մեկ միասնական գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Միասին մենք անհաղթ ենք»:

--00--ԱԹ