«Ատելությունը մարդկանց այրում է ներսից». Ազնավուրի անվան հիմնադրամը դատապարտում է բախումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

շարլ

«Շարլ Ազնավուր» հիմնադրամը խստորեն դատապարտում է բռնությունը և կոչ անում հարգել յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը՝ կյանքի իրավունքը: 

««Սեր մարդկանց հանդեպ՝ սկսած իմ ընտանիքից, բարեկամներից և իմ հանդիսատեսից... Սեր մերձավորի հանդեպ՝ անկախ կրոնից, մաշկի գույնից և ռասայից... Սեր մարդկության հանդեպ»:

Շառլ Ազնավուրի այս բառերը մարմնավորում են նրա կենսական փիլիսոփայությունը:

Չնայած ծանր հանգամանքներին, որոնց նրա ընտանիքը բախվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ չնայած իր սեփական փշոտ ճանապարհին, նրա սրտում երբեք ատելության համար տեղ չի եղել: Այսօր մենք մեծ տագնապով ենք հետեւում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որտեղ վերջին օրերին մի քանի գյուղեր անընդհատ գնդակոծվում են: Սակայն Տավուշի բնակիչները, որոնք ապրում են ռազմական գործողությունների սպառնալիքի ներքո, թույլ չեն տալիս, որ ատելությունն իրենց վրա գերիշխի: Նրանք սիրում են իրենց ընտանիքներին, իրենց հողը եւ մարտնչում են խաղաղության համար...

Մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած բռնություն և կոչ ենք անում հարգել յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը՝ կյանքի իրավունքը: Ատելությունը մարդկանց այրում է ներսից, ուրեմն թող սերն ուղղորդի մեզ բոլորիս»,- նշվում է հայտարարությունում:

--00—ԱԹ