Գյուղացիները մարտական վիճակում են, պահում են տունն ու հայրենիքը․ խուճապ գոյություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

Տավուշում խաղաղ է, համակ ուշադրությամբ հետևում ենք երկնքին։ Անմիջապես կպատսպարենք բնակիչներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ 

Մարզպետն ասում է, որ «Վստահ էինք՝ ամեն ինչ անում ենք, որ քաղաքացիական բնակչության մեջ զոհեր և վիրավորներ չլինեն․ երեկ, ցավոք, վիրավոր ունեցանք։ Գյուղի ծայրամասում կա մի ծածկ, որի տակ էլ հենց գտնվել է բնակիչը․ առաջին հարվածից ինքն է վիրավորվել, երկրորդից՝ ԱԻՆ մեքենան։ Ամենաշատը տուժել են Չինարի, Այգեպար, Ներքինաղբյուր գյուղերը։ Մովսեսի, Տավուշի և Բերդի ուղղությամբ նույնպես կրակոցներ են եղել ։ Այս պահին ունենք վնասված 41 շինություն, մեծ մասն առանձնատներ են․ զուգահեռ և՛ ուսումնասիրություն ենք իրականացնում և վերականգնում դրանք։ Առնվազն 2 տուն վերականգնման ենթակա չէ․ կա՛մ նոր տուն կկառուցենք, կա՛մ տներից մեկը կնորոգենք ու կհատկացնենք նրանց»։ 

Ըստ մարզպետի հայտնած տեղեկությունների՝ գյուղի դպրոցի հարակից հատվածներում ռմբահարումներ են եղել։ Վերականգնողական աշխատանքներն արդեն տարվում են։ Գինու, կոնյակի գործարանների և Տավուշ տեքստիլի մոտ ևս եղել են ռմբահարումներ․ այս պահին ասում են՝ աջակցության կարիք չկա։ Ռմբակոծության վտանգ կա, լուսավորության սահմանափակումներ կլինեն, գազատարները վերականգնել են, սակայն չեն միացնում։

«Մեր գյուղերն ուղիղ սահմանի վրա են։ Վերջին տնից մինչև թշնամու հենակետը մի քանի հարյուր մետր հեռավորություն է։ Նորմալ է, երբ մարդիկ ասում են՝ թող երեխաներն ապահով վայրում լինեն, 90-ականներից մնացած բնազդային վարքագիծ է։ Գյուղացիներն ասում են՝ մարտական վիճակում են։ Խուճապ գոյություն չունի, մարդիկ պահում են իրենց տունն ու հայրենիքը»,- նշում է Չոբանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ