Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

․

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

«Բելառուսի Հանրապետությունը խորը մտահոգությամբ է արձանագրում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շարունակվող սրացումը։ Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների և միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների օգնությամբ։ Ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը։ Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, խուսափել լարվածության աճի և մարդկային զոհերի հանգեցնող ցանկացած քայլից»,- ասված է հայտարարության մեջ:

Նախարարությունը հույս է հայտնում, որ Բաքուն և Երևանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, կդրսևորեն երկու ժողովուրդներին բնորոշ իմաստություն և խոհեմություն՝ գիտակցելով ողջ տարածաշրջանի կայունության պատասխանատվությունը:

«Ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրներն իրենց հեղինակությունն օգտագործում են լարվածությունը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հրապարակված հայտարարությունում:

--0--ԱՀ