«Իմ քայլը» հիմնադրամի աշխատողները եղել են Արարատում և Խաչիկում. ի՞նչ խնդիրներ են վերհանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 11, 24News

11

«Իմ քայլը» հիմնադրամի Մարզային մշակույթի հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում ծրագիրը բուռն ընթացքի մեջ է: Իրականացվում են հանդիպում-քննարկումներ ճարտարապետների, դիզայներների, շինարարների, համանքների ներկայացուցիչների, նրանց հետ աշխատող մենթորների հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Ավետիսյանը:

Ըստ այդմ, հուլիսի 8-ին «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները եղել են Արարատ և Խաչիկ համայնքներում, որոնց ներկայացուցիչների և մենթորների հետ քննարկել են համայնքների զարգացման տարաբնույթ հարցեր, հեռանկարներ, ուղիներ, որոնց խաչման կետում կանգնելու է մշակույթի տունը:

«Առաջին կանգառն Արարատ քաղաքի մշակույթի կենտրոնն էր: Խորհրդային շրջանից ժառանգություն ստացած ու ավանդույթները պահպանած կենտրոնի անձնակազմը պատրաստակամ է նորոգելով ու վերաարժևորելով ունեցածը նոր գույներ ու հնարավորություններ բերել դեպի կենտրոն: Այցի ընթացքում առավել հստակ ուրվագծվել են աշխատանքային առաջնահերթությունները:

Կենտրոնն ակնհայտ մեծ ներուժ ու հնարավորություններ ունեցող կառույց է և՛ շենքով, և՛ սրահներով ու դահլիճով, և՛ ներքին ու արտաքին բակերով: Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով կառուցված շենքում կբարեկարգվեն որոշ սրահներ՝ դառնալով արարատցիների համար սիրված ու սպասված վայր՝ ստեղծագործելու, հաղորդակցվելու, զարգանալու ու երազելու, համայնքին ամուր կապվելու, այն չլքելու համար:

Արարատի և Խաչիկի մշակույթի տների աշխատակիցները շուրջ երեք ամիս մեծ պատրաստակամությամբ մասնակցում են Մարզերի մշակույթի տների զարգացման ծրագրի կարևոր բաղադրիչ հանդիսացող կարողությունների զարգացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը միտված առցանց հանդիպումների շարքին:

«Առօրյա հոգսերից կտրվելը շատ բարդ է, բայց մենք հասկանում ենք այս հանդիպումների կարևորությունը, արդեն տեսնում ենք դրանց տված օգուտը: Մշակույթի տների միջև թեկուզ հեռավար, բայց ակտիվ շփումը հաղորդակցվելու, մտքերի, նպատակների, փորձի փոխանակման հիանալի հնարավորություն է: Հաճախ միմյանցից գաղափարներ ենք «գողանում», որոնք շատ կիրառելի կարող են լինել մեր կենտրոնների համար»,- խոստովանել է Արարատ քաղաքի մշակույթի կենտրոնի տնօրեն տիկին Գայանե Հայկյանը:

Արարատում է եղել նաև մշակույթի տան աշխատակիցների, կամավորների հետ աշխատող մենթոր Գայանե Ղարագյոզյանը: «Երբ առաջին անգամ լսեցի մարզերում մշակույթի տների զարգացման հնարավոր ծրագրի մասին, հաճելիորեն զարմացա ու ուրախացա, որ վերջապես հայտնվեց մի կառույց, որը սկսեց կարևորել արվեստն ու մշակույթը հենց մարզերում։ Ինքս ականատես եմ եղել տարբեր համայնքներում մշակույթի տների՝ ոչ միայն որպես շինություն, այլև որպես համայնքային կյանքի հոգևոր արժեքները պահպանող ու սերունդներին փոխանցող կարևորագույն կառույցի անտեսված վիճակին։

Շատ կարևորում եմ սերունդների միջև արվեստի ու արհեստի միջոցով երկխոսության վերականգնումն ու զարգացումը: Անչափ ոգևորված եմ, որ այս կարևոր նախագծի մաս եմ կազմում։ Հուսամ տարիների իմ փորձը, հմտություններն ու կապերը թույլ կտան արդյունավետ ներդրում ունենալ ծրագրում ընդգրկված մշակույթի տների զարգացման գործընթացում։ Նաև շատ արժևորում եմ իմ շփումը համայնքների հետ, քանի որ համոզված եմ, որ ես էլ իրենցից շատ բան ունեմ սովորելու»,- նշել  է Գայանեն, որը նաև համակարգում է Մեղրաձորի մշակույթի տան զարգացման ծրագրի աշխատանքները:

Նույն օրը Հիմնադրամի աշխատակիցները ճանապարհը շարունակել են դեպի Զանգեզուրի դարպաս բարձրադիր Խաչիկ գյուղ: Խաչիկում սպասվող փոփոխությունների մասին բոլորն են տեղյակ՝ մեծից փոքր. «Մեր մշակույթի տունը վերանորոգվելու է, այնտեղ խմբակներ ու այլ լավ բաներ են լինելու»,- ասել են բժշկական դիմակներով իրար նմանված խաչիկցի երեխաները:

Եկեղեցու դեմ դիմաց տասնամյակներ առաջ կառուցված մշակույթի տան զարգացման հեռանկարն այսօր Խաչիկում բոլորին է համախմբել: Նրանք գիտակցում են, որ անելիքները շատ են, բայց նաև համոզված են, եթե բռունցք դառնան, ապա աջակիցների ու բարերարների շնորհիվ կհաջողեն:

Երեխաների երազանքներն ու ցանկություններն իհարկե տարբեր են, բայց նրանք բոլորը նշում են արվեստի ու արհեստների, սպորտի խմբակներ ունենալու իրենց մեծ երազանքի մասին: «Ես բնիկ խաչիկցի եմ, իմ բոլոր նպատակներն այս գյուղի հետ են կապված, մեզ պարզապես ակտիվություն է պետք, երազում եմ լուսանկարչության խմբակ լինի: Ընկեր Էկայի հետ աշխատելուց հետո զվարթություն է մտել մեր առօրյայում, անհամբեր սպասում ենք նրա հետ հանդիպումներին: Մեր մեջ արթնացել է երազանքներին հասնելու ձգտումը»,- պատմել է 16 տարեկան Անուշը:

Մենթոր Էկան լիարժեքորեն զգում է գյուղի զարկերակը, նրա հաղորդած ջերմությունն ավելի քան փոխադարձ է:

«Պատանիների ներուժն այն մեծ կապիտալն է, որ պահելու ու առաջ է մղելու իրենց ավագների կողմից դրված ընթացքը: Սա միասին երազելու, երազանքներին տեր կանգնելու եզակի հնարավորություն է: Կամավորական բացառիկ կազմակերպվածություն կա, այստեղ բոլորս խաչիկցի ենք», - կարևորել է Խաչիկ, ինչպես նաև Լճաշեն գյուղերի մենթոր Էկա Հորստկան:

Այցի ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները եղել են գյուղի դպրոցում, «Առաստամուղ» կոչվող գավառագիտական թանգարանում, ծանոթացել գյուղի հոգսերին ու զարգացման հնարավորություններին: Ոլորապտույտ ճանապարհներով, հսկա ընկուզենիներով և ուրցի, դաղձի, խնկածաղկի միությունից հագեցած օդով, ինքնատիպ կերակուրներով, ինչպես նաև հոգևոր և մշակութային պատմությունով հարուստ բնավորություն ունեցող այս գյուղում խոսում են էկոտուրիզմի զարգացման մասին:

«Մենք սկսենք, մեր երեխեքը կշարունակեն, շատ լավ կլինի, որ մշակույթի տանը դասընթացներ կազմակերպվեն, մեզ սովորեցնեն մեր ունեցածը որպես բիզնես մատուցելու հմտություններ: Առավոտյան չորսից ոտքի վրա ենք, ամեն ինչ ունենք, մնում է այս ամենը գրագետ իրացնել: Ի՜-րա՜-ցու՜մ»,- կրկնել են գյուղի ավագները:

Խաչիկ այցելությունն ամփոփվել է բացօթյա սեմինարով: Հիմնադրամի մշակութային ծրագրերի համակարգող Լիլիթ Գրիգորյանը Մինասի, Քոչարի, Սարյանի, Մոնեի ու Պիկասոյի արվեստի միջոցով ներկայացրել է մարդ-հասարակություն-արվեստ կապը, դրանց նշանակությունն ու միմյանց վրա փոխազդեցությունը, տարբեր վրձինների գույների համադրությամբ ու հակադրությամբ անդրադարձել գյուղի կյանքին ու հոգսերին: Այո՛, դրանք նոր չեն՝ համամարդկային են ու հավիտենական, սակայն ավելի բարեկեցիկ առօրյայի, առավել աշխույժ կյանքի համար անհրաժեշտ է սեփական կարողությունների բացահայտում ու հմտությունների զարգացում:

Հիմնադրամի՝ մարզեր, մշակույթի տներ այցերի նպատակներից է նաև տեղացիներին ոգեշնչելը, համայնքներին զարգացման նոր հորիզոնների հաղորդակից դարձնելը: Այս անգամ Խաչիկ գյուղն իր բնակիչներով դարձավ ոգեշնչման աղբյուր: Վերադարձի ճանապարհին արդեն ունեինք այն վստահությունը, որ ինչպես հայաստանյան, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպությունների ու անհատների ակտիվ մասնակցության և աջակցության շնորհիվ իրականություն են դառնալու անառիկ ամրոցի նման բարձրունքում թիկնած Խաչիկի երազանքները»,-ասվածէ հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ