Վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

«Տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի մի քանի օր է՝ չունենք: Զրո է թիվը: Բացասական միտում ամեն դեպքում ցույց չի տալիս»: Այդ մասին կառավարության՝ հուլիսի 9-ի նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորորսյանը, ապա հավելեց, որ շատ փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, և նրանք դեռ պետք է տեղափոխվեն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ:

«Նրանց թիվը առավոտյան՝ ժամը 9-ի դրությամբ, 13 է, և օրվա ընթացքում տատանվում է մոտավորապես այդ թվի շրջանում»,-ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև համակարգի ծանրաբեռնվածությանը:

«Համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար, և մենք պետք է շարունակենք ծավալված հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը և շարունակենք ծավալումը: Դեռ նոր ծավալումներ լինելու են թե՛ առաջիկա շաբաթներին, թե՛ ամիսներին:

Բայց եթե մի երկու բառով ասեմ, վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա»,-ասաց Թորոսյանը:

Վարչապետն Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հավելեց, որ վիճակը մնում է անկանխատեսելի, քանի որ չգիտենք՝ վաղը նույնքան կայուն կմնա՞ իրավիճակը:

--00—ԼՄ