ՔՏՀԱ-ն Ակունք համայնքի ապօրինի հանքավայրի գործով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

ՔՏՀԱ

ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հունիս ամսին ստուգում է իրականացրել Արագածոտնի մարզի Ակունք համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ։ 

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ Ակունք համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող հողատեսքերից 0.3791հա մակերեսով, այլ հողատեսքերից 0.838հա մակերեսով և 1.0692հա մակերեսով  արոտավայր հողատեսքից՝ 2017թ. հունիսի 17-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, լեռնահատկացման ակտով և ընդերրքօգտագործման պայմանագրով՝ ՍՊ ընկերության կողմից կատարվում է քարի արդյունահանման աշխատանքներ:

Համայնքի ղեկավարի 05.05.2015թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.1հա մակերեսով տարածք է տրամադրվել ուղիղ կտրվածքով քարի արտադրություն կազմակերպելու համար, կնքվել է վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 60000 դրամ գումարով, որը նոտարական վավերացում և պետական գրանցում չի ստացել։

Համայնքի ղեկավարը՝  30.04.2020թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը  խնդրել է ժամանակավորապես դադարեցնել քարհանքի արդյունաբերական գործունեությունը, սակայն ստուգման պահն ևս աշխատանքները դադարեցված չեն եղել։

Վերոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոփոխելու և փոփոխված  հողամասը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետներին փաստաթղթեր չեն ներկայացվել։

Այսպիսով, ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունն է խախտված, այլ նաև հողօգտագործումն է ինքնակամ, որի արդյունքում համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չի մուտքագրվում զգալի չափով գումարներ:

Համայնքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով Տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։  --0—ՄՀ