Դանակահարություն Գյումրիում. կասկածյալը նախկինում ՌԴ քրեական օրենսգրքով եղել է դատապարտված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

հասարակական

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի դիմացի այգու միջից բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Գևորգ Խաչատրյանն է, որը, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Շիրակի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։45-ի սահմաններում Մ. Մկրտչյան փողոցի 53 շենքի դիմաց գտնվող տաղավարում վիճաբանություն է տեղի ունեցել Գ. Խաչատրյանի և նշված փողոցի բնակիչ՝ 47-ամյա Սմբատ Ալավերդյանի միջև, որի ժամանակ էլ տեղավարում սեղանին դրված դանակով վերջինս հարվածել է Գ. Խաչատրյանին։

Շիրակի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ս. Ալավերդյանին, ում մոտ եղել է նաև դանակ, և նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է խմած։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ս. Ալավերդյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա նախկինում Ռուսաստանի Դաշնության քր.օր-ի 30-158 հոդվածի 2-րդ մասի (գողություն) հատկանիշներով եղել է դատապարտված։

--0--ԿԿ