Don Mario. գրականության Կոլումբոսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

մշակույթ

«Ցորեն ցանելու հետ սերմանում եմ և որոմ»
Նարեկացի

Իտալոամերիկացի գրող Մարիո Պյուզոն գրականության մեջ նոր աշխարհ բացահայտեց: Նա համակարգայնացրեց այն և խտացրեց իր ինքնատիպ հանճարի դրսևորումներով: Միայն մեծ գրողի աչքը կարող էր նկատել այդ բացը և շնորհաշատությամբ օժտվածը պիտի ընդունակ լիներ հասցնելու ընտրածը բարձր գրականության աստիճանին:

Այն, ինչի մասին որ խոսում է Պյուզոն, երևույթ է, որ կազմակերպված, կուռ ու սարսափելի տեսքով հաստատվեց XX-րդ դարի սկզբում ու իր անխափան ընթացքն է շարունակում մեր օրերում: Պյուզոն մեկ դաշտի մեջ զետեղում է ամեն ինչ: Այդպիսով նա կարողանում է մարդկային բոլոր տեսակներն ընդգրկել և բաց չթողնել որևէ դրսևորում: Գաղափարը աշխարհի կառուցվածքն է, ավելի հստակ` մարդկային կյանքի հայելու հետևի կողմը, որտեղ ապրում են կենսության ռեալիստական կողմերը:

Արդարության ինքնատիպ ընկալումը, բռնությունն և գեղեցկությունը, սերն ու փողը, ընտանիքը և գործը, զազրելին և վեհագույնը, պատիվն ու շահն ու այլ որակներ: Երկու բան Պյուզոյի մատուցած աշխարհի մեջ անցնում են կարմիր թելերով. կատարվողի այն հատվածը, որ ընդունված կարծիքի համաձայն համարվում է չարիք, ոչ թե արդարացվում է, այլ ներկայացվում է որպես այս կյանքի (իսկ մենք գիտենք, որ մեր աշխարհը Աստծո արքայությունը չէ) կանոններին համահունչ կատարվող արդարադատություն, որի հետևանքային ազդեցությունը ուղղակի կամ անուղղակի բերում է բարուն:

Չի հնչում միամիտ այն հարցը, թե ինչու է աշխարհն այսպիսին: Մարդկային կյանքը դաժան է, բայց ոչ անիմաստ և բարին ու գեղեցիկը մշտապես կան ու Աստված կա, և մենք բոլորս ապրում ենք աստվածային գերբնական մի ծրագրի մեջ, որտեղ ոչինչ պատահական կամ ավելորդ չկա` ամեն ինչ մանրամասն է և իրեն համար սահմանված ժամերի մեջ` իմաստալից:

Մնում է սա հասկանալ, ընդունել ու ապրել: Գլխադասային մյուս ասպեկտը դա հույսի և հավատավորության գործոնների միաձուլված գոյության անխախտ և անհրաժեշտ հավերժությոընն է: Ահա ասվածի վկայություններից մեկը.

«Լսիր, տղաս: Մարդիկ կորցնում են հավատքը, երբ այլևս չեն կարողանում տանել այս աշխարհի դաժանությունները: Հենց այդ պահին են նրանք դնում հավերժ և սիրող Աստծու գոյության հարցը: Նրանք կասկածի տակ են առնում Նրա մշտնջենական ողորմությունը: Հարցականի տակ են դնում Սուրբ Եկեղեցին:

Բայց հավատքին կարելի է շունչ հաղորդել ջանադրությամբ: Նույնիսկ սրբերը եղել են եռանդուն մարդիկ: Ես չեմ կարող պատկերացնել նրանց ձեռքերը ծալած և մտորելիս այն խորհրդավոր ուղիների մասին, որոնցով գնում է մարդկությունը: Այսպիսի մարդիկ անօգուտ են հավերժ զարգացող եկեղեցու համար, նրանք ոչնչով չեն օգնում սին աշխարհի դժվարություններին դիմակայելու գործում: Ինչպես դու, ինչպես և ես սրբերը տեսել են իրենց առաքելությունը հստակ գործերի իրականացման մեջ:

Եթե նույնիսկ Պապը բարձրացնի ուղղորդող նշանը, նախանշվածի կատարումը կհանգեցնի նրան, որ մեր հոգիները ստիպված կլինեն մի որոշ ժամանակ անցկացնել քավարանում: Բայց դու մտածիր, թե որքան չծնված քրիստոնեական հոգիներ ենք մենք փրկում գալիք հարյուրամյակներում: Հոգիներ, որոնք կգտնեն իրենց փրկությունը սուրբ կաթոլիկ եկեղեցու գրկում: Երբ որ ես աղոթում եմ, երբ ես զղջում եմ մեղքերիս համար, այս ամենում ես մխիթարություն եմ գտնում, թեկուզ ոչ իմ բոլոր գործերն են ճշմարիտ: Եվ թող մեր հումանիստները` հույն փիլիսոփաների այս հետևորդները, մտածեն, որ բացի մարդկությունից ոչ ոք գոյություն չունի: Կա գերագույն էակ` Տերը, ողորմած և հասկացող: Սրանում է մեր հավատքը, և դու պետք է հավատաս:

Ապրիր քո մեղքերի հետ, ուզում ես` զղջա, ուզում ես` ոչ, բայց մի կորցրու հավատը: Բացի նրանից մենք ոչինչ չունենք: «Առաջին Դոնը» մեծ վեպի այս հատվածը, որը կաթոլիկ եկեղեցու հզոր Պապ Ալեքսանդր VI-րդ Բորջիայի խոսքերն են, Մարիո Պյուզոյի գրական փիլիսոփայության անկյունաքարն է: Արցունքների և փորձությունների այս աշխարհը անցողիկ է և աննահանջ հավատքի շնորհիվ է մեր կյանքի օազիսների ու ուրախությունների, երջանկության աղբյուրների լինելիությունը: Պյուզոյի կերպարները տարբեր են, իրար նման չեն, խարակտերային բազմագունություն ունեն և անկրկնելի են:

Սակայն կա մի բան, որը նրանց մեջ ընդհանրություն է բերում` կենտրոնական կերպարների կամքն ու իշխող բնավորությունը, որոնց խարիզմային և լիդերությանը հպատակվում են մարդկային զանգվածներ և անսահմանափակ կենսատարածքներ: Իրենց վրա պատասխանատվություն վերցնող ուժեղ անհատները Մարիոյի գլխավոր հերոսներն են և սա բնական է, քանի որ ամեն իշխանություն Աստծուց է և զորավոր ընտրյալներն են նավապետները քաղաքակրթության նավի:

Պյուզոն ոչ թե ժամանակի ու էպոխայի վավերականացնողն է, այլ մարդկային հոգեբանության տարատեսականության խրոնոլոգը: Նա պարտադրող չէ, քանի որ իր գրեթե բոլոր կերպարները օժտված չեն միմիայն կամ բացարձակ դրական կամ բացասական հատկություններով: Իտալացին կերտում է հերոսներ խիտ գույներով, հարուստ նյութերով, բազմաֆունկցիոնալ հատկություններով, որոնք նետված են կյանքի մարդկային հարաբերությունների խառնարանը: Սրանով է սյուժեն հետաքրքրանում:

Մարիոյի անմահության երրորդ բաղադրիչը (գաղափարի ձևակերպման, հերոսների ընտրությունից հետո) գրվածի լեզվամտածելակերպն է և գրողական ոճը: Ունենալով իր առջև Դոստոևսկուն, որպես ամենասիրելի գրող ու փարոս, Պյուզոն ռուս տիտանի արժեհամակարգային մոտեցումներից գլխավոր համամարդկային ուղենիշների շարունակության հոսումն ապահովեց իր գրական անդաստանում: Սա ոչ թե կրկնություն էր, այլ համընդհանուր կարևոր բաների` հավերժության մեջ ապրելու ու քարոզվելու շարունակականության համար էր: Այս ամենը պատվեց պյուզոյական յուրահատուկ ու բացառիկ գրականության թիկնոցով: Մարիոյի վիպասանության գլխավոր էլեմենտներն են հոգեբանական վերլուծությունն ու դետալների նկարագրությունը:

Խստորեն ընտրված բառերը ջոկված զմրուխտների արտացոլանք ունեն: Սպիտակ թղթի տարածականությունը օգտագործված է լավագույնս` կարճ նախադասությունների, հակիրճ պարբերականների մեջ վեր են հառնում խորը ու մանրամասն վերլուծությունները, նկարագրությունները, մարդու ու շրջակա միջավայրի պատկերազարդումները: Ինչպես մեծ նկարիչը վրձնի դիպուկ շարժումով արդեն իսկ իր մեջ պատկերացրած կերպարներն է ստեղծում կտավի վրա` նախօրոք ներսում տեսնելով նրանց ուրվագծերը, այդպես էլ մեր գրողն է պատկերանշում յուր հերոսներին և նրանց միջավայրը` տալով մանրակրկիտ ու շքեղ նկարագրություն, խորունկ մեկնություն` ազատվելով բոլոր ավելորդություններից:

Այստեղ տեղին է հիշել օպերային պատմությունից մի դրվագ: Երբ Ավստրիայի կայսր Իոսիֆը Մոցարտի «Առևանգումը հարեմից» օպերան լսելուց հետո հիացմունքի արտահայտման հետ մեկտեղ հայտնեց իր թվացյալ կարծիքը, թե «նոտաները չափից շատ են" մշակույթի անգերազանցելի գերազանցություն Ամադեուսը պատասխանեց.

«Ձերդ գերազանցություն, նոտաները այնքան են, որքան որ հարկավոր են»:

Հարկավորության լինելիությունը Մարիոյի աշխատասիրության մեջ վեր է ածվում հիացական գերազանցության: Ընթերցողի համար Պյուզոյի գրականությունը կլանող ու այլևս բաց չթողնող հատկություն ունի: Դու հաճելիորեն կուլ ես գնում նրա սրընթաց ընթացքին և ափ ես դուրս գալիս լիցքավորված իմաստավորությամբ` զգալով մտքի վրա հոսող գրական անարատ, ոսկեփայլ յուղը և քեզ բաց չի թողնում այս ջուրը կրկին ու կրկին վերադառնալու, նետվելու նպատակը:

Մարիո Պյուզոն ավագ ընկեր է, որի հետ ծանոթությունից հետո շփումը շարունակվում է ամբողջ գիտակցական կյանքում: Կարիքը զգացվում է անկոտրում զգացողությամբ: Նա մարդաբան է, որի տեսությունը զարգացնում է մարդաճանաչությունը և մարդասեր է իր մարդակենտրոն ուղղվածության շնորհիվ: Պյուզոն վարպետ է ոչ թե առանձին մի ձևի, այլ գրական ամբողջականության:

Մենք պարտական ենք Մարիոյին նոր բացահայտումների և հարուստ ժառանգության համար և այսօր` նրա հիշատակի օրը, երբ 1999 թվականի հուլիսի 2-ից անցել է 21 տարի, ճիշտ կլիներ հանճարեղ գրողի անմահ հիշատակին նվիրված այս գրագրությունն ավարտել վերևում արդեն իսկ նշված «Առաջին Դոնը» վեպի վերջաբանի խոսքերով. «Աստված ողորմած է: Նա կարող է նրանց երկուսին էլ ներել», - ասաց նա:

Այլապես իմաստ չկա Նրա գոյության համար: Եվ մի օր, երբ այս երկրային ողբերգությունն կավարտվի, մենք նորից կլինենք միասին»:

Ռուբեն Վարդանյան 
պատմաբան, հրապարակախոս

--0--ԱՀ