Բնիկ ու ոչ բնիկ տարանջատելով հարկային արտոնությո՞ւն ենք ստանում. Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը բնական է համարում այն քաղաքացիների դժգոհությունը, որոնք մինչ օրս անշարժ գույքի համար հարկ չեն վճարել, բայց այժմ ստիպված են լինելու չնչին գումար վճարել համայնքին:

24News-ի հետ զրույցում անդրադառնալով գույքահարկի համահարթ մոտեցմանը, այսինքն՝ երբ չհարկվող շեմ չի լինելու, պատգամավորը նշեց. «Իհարկե հասկանալի է, որ մինչև 10 մլն դրամի անշարժ գույք ունեցողի համար, որն, ի դեպ, ամսական մոտավոր 100 դրամ հարկ է վճարելու, ավելի լավ էր, երբ ընդհանրապես հարկ չէր վճարում: Բայց այսպես մենք աջակցում ենք համայնքներին, քանզի այդ գումարները ոչ թե պետական, այլ համայնքային բյուջե են գնալու»:

Ինչ վերաբերում է «բնիկ» ու «ոչ բնիկ» եզրույթներին ու այդպիսով բարձր գույքահարկի մասին հրապարակումներին, ապա Մանուկյանն էլ իր հերթին է հռետորական հարց տալիս. «Բնիկ ու ոչ բնիկ տարանջատելով հարկային արտոնությո՞ւն ենք ստանում, եթե այո, ապա ի՞նչ տոկոսների մասին է խոսքը: Կարծում եմ՝ տարանջատումները վատ բանի են բերում, ինձ համար կա հայաստանցի հասկացողութունը գլոբալ առումով»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ