Վրաստանում կորոնավիրուսով նոր վարակվածների մեծ մասը բեռնափոխադրող վարորդներն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News 

բեռնատար

Վրաստանում  վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել, որոնցից 6-ը՝ միջազգային բեռնափոխադրում իրականացնող վարորդների մոտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:

«8 պացիենտներից մեկը  հաստատված դեպքի կոնտակտ է,   մնացած 7-ը բերված դեպքեր են, որոնցից 6-ը բեռնատար մեքենաների վարորդներ են, մեկն՝ այլ քաղաքացի», — ասել է Էզուգբայան:

4 վարակակիրները հոսպիտալացվել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:  Նրանցից երկուսը Ադրբեջանի, 1-ը՝ Բելառուսի քաղաքացի է:

«Բոլոր 4 տղամարդկանց մոտ սահմանը հատելու ընթացքում բարձր ջերմություն է նկատվել, նրանք կլինիկա են տեղափոխվել: Տեղում արագ թեստերը հաստատել են վարակը»:

Ըստ Վրաստանում գործող կարգի՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվողները Վրաստանի սահմանին արագ թեստ են անցնում: Դրական արդյունքի դեպքում նրանց հիվանդանոց են ուղարկում՝ PCR թեստավորման:

Միջազգային բեռնափոխադրողները դարձել են երկիր վարակի թափանցման գլխավոր աղբյուրը: Միայն հունիսին   վարակ է հաստատվել 30 վարորդի մոտ: Հիշեցնենք, որ նրանց թվում  նաև Հայաստանից Վրաստան եկած վարորդներ կան: Հունիսի 27-ին վարակ էր հաստատվել ՀՀ-ից  եկած 2 վարորդի մոտ:

Փետրվարի  26-ից հուլիսի 2-ը Վրաստանում լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կորոնավիրուսի  939 դեպք, որոնցից 15-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 817 մարդ: Սա ընդհանուր վարակվածների  87%-ից ավելին է:  Վրաստանի քովիդ-կենտրոններում շարունակում է մնալ 107 մարդ: Կարանտինում 3 080, բժիշկների հատուկ հսկողության տակ՝ 242 քաղաքացի է:

Այսօրվա դրությամբ 113,1 հազար մարդ է թեստավորվել: Արված PCR թեստերի քանակը 117,7 հազար է: 

 --0—ՄՀ