Պողոս Գալստյանը մրցավարին հայհոյելու համար որակազրկվել է, «Արարատ-Արմենիա»-ն՝ տուգանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

սպորտ

«Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանին ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն որակազրկել է 01.07.2020թ-ից մինչև 14.07.2020թ.՝ սահմանելով փորձաշրջան հուլիսի 7-ից 14-ը։ Որոշումը կոմիտեն կայացրել է հունիսի 28-ին «Լոռի ՖԱ»-«Արարատ-Արմենիա» խաղին մրցավարների հասցեին Պողոս Գալստյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու համար։

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում ներկայացված զեկույցում բերվում են միջադեպի մանրամասները։

««Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանը երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին պլաստմասե շիշ նետեց խաղադաշտ՝ հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստի հեռացվելուց հետո։ Հանդիպմանը օթյակից հետևող Պողոս Գալստյանը երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեից սկսած բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ էր հնչեցնում հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի հասցեին։ «Արարատ-Արմենիա» թիմի ֆուտբոլիստին հեռացնելուց և շիշ խաղադաշտ նետելուց հետո, նա չէր դադարում մեղադրել մրցավարին կողմնակալության համար։ Հանդիպման պատվիրակի հետ զրույցում Պողոս Գալստյանը խնդրեց նշել, «իրեն ամեն ինչ պարզ ա, թե ֆեդերացիայում ոնց ա ու ինչ», սակայն մանրամասնել ակնարկը չցանկացավ։ Բացի այդ՝ հայտնեց, որ բողոքարկելու է մրցավարի գործողությունները, չնայած «բան չի փոխվի, մի խաղ կորակազրկեն ու վսյո»։

Սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցին գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի հասցեին նաև «Արարատ-Արմենիայի» դարպասին նշանակված տասնմեկ մետրանոց հարվածից, ինչպես նաև խաղի ավարտից անմիջապես հետո։ Նման պահվածքը կանխելու նպատակով Գալստյանին նկատողություն արեց նաև հանդիպմանը ներկա ոստիկաններից մեկը։ «Արարատ-Արմենիա»-ի ներկայացուցիչը պարզաբանեց, թե՝ էմոցիաներ են միայն։ Խաղի ավարտից հետո ևս մեկ անգամ մրցավարին հայհոյելուց հետո, Պողոս Գալստյանին սթափվելու կոչ արեց ՀՖՖ գործկոմի անդամ Տիգրան Հակոբյանը, ումից Գալստյանը ներողություն խնդրեց, բայց ասաց, որ «ֆուտբոլ կյանքում չի զարգանալու ստեղ»։ Այնուհետև Պողոս Գալստյանը գնաց դեպի թիմերի և մրցավարի հանդերձարաններ տանող աստիճանավանդակ, որտեղ կրկին փորձեց մեղադրել Զավեն Հովհաննիսյանին վատ մրցավարության համար։ Ոստիկանության ներկայացուցիչների վերահսկողությամբ՝ մրցավարական բրիգադը մտավ հանդերձարան»,- նշված է զեկույցում։

Պողոս Գալստյանին որակազրկելուց բացի, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կոմիտեն «Արարատ-Արմենիա» ակումբին տուգանել է նաև 300 000 ՀՀ դրամով։

--0--ԿԿ