Հատուկ չվերթներով Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News 

հասարակական

Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Ընդ որում, 2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է. ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան:

Իսկ ընդհանուր առմամբ պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի:

Պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ», - գրել է Ավինյանը։

--0--ԿԿ