Արցախի խորհրդարանում քննարկվել է անվճար և որակյալ կրթության հարցը

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  29, 24 News 

․

Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների, Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի, Արցախում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների պատասխանատուների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Հանդիպումը վարել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Քննարկվել է Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ անվճար և որակյալ կրթության հարցը: Նախարար Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է ուսման վճարների փոխհատուցման և որակյալ կրթության մշակման փուլում գտնվող հայեցակարգը և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:

Ներկաները նախարարին են առաջադրել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման վճարների փոխհատուցմանը, անվճար կրթություն-կրթության որակ փոխազդեցության արդյունավետությանը, գնահատման մեխանիզմների վերահսկմանը և թեմային վերաբերող այլ հարցեր: Ներկայացվել են նաև առաջարկներ:

Ելույթներով հանդես են եկել ուսումնական հաստատությունների ղեկավարները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

--0--ԱՀ