Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված 105 սուբվենցիոն ծրագրից 104-ը

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News  

Ռոմանոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պատրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի’ կոտայքցիներ, հայրենակիցներ. Ցանկանում եմ ոգևորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերով կիսվել բոլորիդ հետ. ՀՀ Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից` 104-ը (միայն մեկ ծրագրի նախագծային փաթեթները չստացվեց ժամանակին ներկայացնել` նախագծող ընկերության անբարեխիղճ մոտեցման հետևանքով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ դատական գործընթացներ են մեկնարկել): Ըստ այդմ` Կոտայքում 2020թ.-ի պետական բյուջեի համաֆինանսավորմամբ իրականացվելու են 104 սուբվենցիոն ծրագրեր` 6.7մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով: 6.7 միլիարդից` 3.6մլրդ ՀՀԴ-ն համայնքների համաֆինանսավորման չափն է, մոտ 3 միլիարդը` պետական ֆինանսավորման մասը, իսկ 84,5մլն ՀՀԴ-ն` առանձին ներդրողների և մասնավորների համաֆինանսավորումն է: Եւ հատկանշականն այս ամենում այն է, որ 2019թ-ին Կոտայքում իրականացված 52 սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 2020 թվականին եկան հաջորդելու ուղիղ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ` 104 հաստատված ծրագրեր: Եւ է’լ ավելի խոսուն է ֆինանսական բաղադրիչը. 2019թ-ին Կոտայքում իրականացված և դեռևս շարունակվող 52 ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2.048մլրդ ՀՀԴ, իսկ 2020թ.-ի 104 ծրագրերի համընդհանուր նախահաշվային բյուջեն ավելի քան ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ է` շուրջ 6.7 միլիարդ ՀՀԴ: Հ.Գ. Այս ամենի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ live ձևաչափով»: 

   --0—ՄՀ